Համապետական ընտրությունները չհետաձգելու որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված. ԱՀ նախագահ

Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պատասխանելով նոր կորոնավիրուսի պատճառով համապետական ընտրությունները չհետաձգելու մասին հարցին, ընդգծել է, որ բացառվում է, որ դիմեն այնպիսի որոշումների, որոնց հետևանքով կվտանգվի ԱՀ քաղաքացիների առողջությունը և նրանց անվտանգությունը:

Նա մասնավորապես ասել է. «Մենք կազմակերպել ենք բազմաթիվ և բազմապիսի քննարկումներ և եկել այն տրամաբանական որոշման, որ, Սահմանադրության պահանջներին համապատասխան, ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի կազմակերպենք համապետական ընտրությունները: Այս պահի դրությամբ ԱՀ-ում չի գրանցվել Նոր կորոնավիրուսի դեպք և միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում մշտական դիտարկում ենք ներկայացնում, այսինքն այդ որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված»: