Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ է գրել Ալեքսեյ Միլլերին. առաջարկում է գազի գնի նվազեցման շուրջ բանակցել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից նամակ է ուղղել «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նպատակով

Ստորև ներկայացնում ենք փոխվարչապետի գրությունը.

«Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգոռեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների՝ այդ թվում առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր:

Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»: