Սիրիան Իդլիբում նախապատրաստում է Թուրքիայի պատասխանը

Մինչ Թուրքիայում հուզմունքի նոր ալիք է հասունանում, ի դեպ, հենց կորոնավիրուսի պատճառով, Թուրքիայի «մրցակիցները» պատրաստվում են ընդհանուր խուճապի ավարտից հետո պատասխան տալ ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, մարտի 25-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, թե Թուրքիայի անվտանգության ծառայությունները 410 մարդու են ձերբակալել սոցիալական ցանցերում նոր կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ «սադրիչ» հաղորդագրությունների համար։ Դե, թուրքերը թուրքեր չեն լինի, եթե այս կամ այն խնդիրը չկապեն քրդերի հետ։ Ինչպես նշել է Սոյլուն, «սադրիչ» գրառումների մեծ մասը «քուրդ զինյալների խմբավորումների» ձեռքի գործն է:

Թուրքիան բավականին փակ երկիր է, ոչ ոք հաստատ չգիտի, թե որքան քրդեր են սպանվել 2013-18 թթ. ընթացքում Արևմտյան Հայաստանում, Միջագետքում և քրդերի խիտ բնակության այլ վայրերում կամ որտեղ են համակարգված գործում Քրդական բանվորական կուսակցության (PKK) ջոկատները։  Եվ մեզ համար դժվար է դատել, թե իրականում ինչ իրավիճակ է Թուրքիայում վարակի տարածման հետ կապված: Ամեն դեպքում, ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիան փակել է դպրոցները, սրճարաններն ու բարերը, արգելել է զանգվածային աղոթքները, հետաձգել է սպորտային հանդիպումներն ու դադարեցրել է թռիչքները դեպի տասնյակ երկրներ: Երկրում Covid-19 վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 9217-ի, մահացել է 131 մարդ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի (Covid-19) դեմ պայքարի շրջանակներում Անկարան դադարեցնում է բոլոր արտաքին չվերթները:

«Բոլոր չվերթները դադարեցված են: Թուրքիայի քաղաքների միջև տեղաշարժը  պիտի իրականացվի միայն  տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ», –  ասել է Էրդողանը:

Իսկ այդ ընթացքում սիրիական բանակին օգնելու համար Ռուսաստանից և Իրանից բեռներ են գալիս: Մասնավորապես, ռուսական տրանսպորտային նավերը մեկնում են Տարտուսի նավահանգիստ: Եվ ոչ միայն բժշկական պարագաներով: Օրինակ Ռուսաստանը հեռահար հրետանային համակարգեր է տեղափոխում Սիրիա, որոնք, ըստ ամենայնի, տեղակայվելու են այդ արաբական հանրապետության հյուսիս-արևմուտքում: Այդ մասին են վկայում տեղական աղբյուրներից ստացված տվյալները, այն աղբյուրներից, որոնք նախկինում սոցցանցերում տարածել էին Սիրիա հասցվող ռուսական զենքի լուսանկարներ և տեսանյութեր: Վերջին օրերին գրոհային համակարգերի շարքում ամենաշատը տեղափոխվում է 152 մմ քարշակվող 2A65 «Մստա-Բ» հաուբիցը: Ենթադրություններ կան, որ այդ զենքերը կարող էին ձեռք բերել Սիրիայի զինված ուժերը՝ Իդլիբի ճակատում սրման հնարավոր նոր դեպքերի համար, որտեղ մարտի 6-ից սկսած ընդհանուր առմամբ պահպանվում է  հրադադարի ռեժիմը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի սկզբին, Թուրքիան ավելացրել էր Իդլիբի նահանգ տեղափոխված T-155 Fırtına ինքնագնաց հրետանային ստորաբաժանումների քանակը: Այդ  155 մմ հաուբիցները օրերս հայտնվել են Իդլիբի արևելքում գտնվող Սարմին քաղաքի տարածքում: «Մստա-Բ» զինատեսակը խոցում է 30 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ակտիվ-ռեակտիվ հրթիռներ օգտագործելիս՝ 40 կմ: Եթե ​​հաստատվի Դամասկոսի կողմից ռուսական հեռահար համակարգերի տպավորիչ խմբաքանակի գնման վարկածը, ապա Սիրիայի կառավարական զորքերը կկարողանան իսլամիստաական գրոհայինների ուղղությամբ նպատակային կրակ արձակել՝ Իդլիբի ռազմաճակատի իրենց ներկայիս դիրքերից ընդհուպ մինչև թուրքական սահման: Մենք դեռ չենք կարող ասել, թե ինչ զինատեսակներ են տեղափոխում Սիրիա Իրանից: Բայց նույնիսկ առկա տեղեկությունները հուշում են, որ Սիրիան, ինչպես և Ռուսաստանն ու Իրանը, պատրաստվում են Իդլիբում նոր սրացումների: Այսպես թե այնպես, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը իր դաշնակիցների հետ պատրաստվում է պատասխան տալ Թուրքիային և թուրքամետ ահաբեկիչներին: Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա Սիրիայում մարտի 23-ին հայտնաբերվել է մարդու վարակման առաջին դեպքը:

Սերգեյ Շաքարյանց