Ճանաչված երգիչ Լև Լեշչենկոյին ախտորոշել են կորոնավիրուս. «ՌԻԱ Նովոստի»

Կոմունարկի բժշկական համալիրի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն պատմել է, որ երգիչ Լև Լեշչենկոն թագավարակ՝ COVID-19 ունի:

Արվեստագետը հիվանդանոց է ընդունվել թոքաբորբի կլինիկական և ռենտոլոգիական պատկերով:

«Հետագա զննումից հետո հաստատվել է թոքաբորբի կորոնովիրուսային էթոլոգիան», – ֆեյսբուքյան իր էջում բացատրել է բժիշկը:

Առաջին օրը Լեշչենկոյի վիճակը վատթարացել է. առաջացել են շնչառական խնդիրներ, շնչահեղձություն, նվազել է արյան մեջ թթվածնային ցուցանիշը, ինչի պատճառով որոշվել է նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք:

Այժմ 78-ամյա երգիչի վիճակը կայուն է և նա լրացուցիչ թթվածնի կարիք չունի: «Մենք նախատեսում ենք շարունակել նրա բուժումը հիվանդանոցի բաժանմունքում», – եզրափակել է բժիշկը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի COVID-19  համավարակի բռնկում: Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում վարակվել է ավելի քան 537 հազար մարդ, մահացել է ավելի քան 24 հազարը, բուժվել է ավելի քան 144 հազարը:

Ռուսաստանում արձանագրվել է հիվանդության 1036 դեպք, առողջացել է 45 մարդ, երեքը մահացել են: