Պետք է ամեն ինչ անել, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի. վարչապետ

Արցախում մարտի 31-ին տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան դիտորդներն արագ թեստավորում կանցնեն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր արդեն ունենք կորոնավիրուսի ստուգման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք, որ համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ արդյոք դիտորդները ռիսկային գոտիների՞ց են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել դիտորդներին: Նաև մեկնումից առաջ արագ թեստավորվեն, որ համոզված լինենք, որ նրանք վարակված չեն»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ Արցախում մինչև հիմա կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի: