Արցախում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների աշխատանքը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը:

Երկրի ղեկավարն ընդգծել է հանրապետությունում համաճարակային վիճակի մշտական դիտարկման, վարակի տարածման դեմ բոլոր կանխարգելիչ և կազմակերպչական միջոցառումների օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը:

Բակո Սահակյանը նշել է նաև բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետևելու կարևորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում:

Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված և արդյունավետ լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը,  պաշտոնատար այլ անձինք: