Արցախ մուտք գործող և Արցախից դուրս եկող տրանսպորտային միջոցները կախտահանվեն

Այսօրվանից Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանում անվճար հիմունքներով կախտահանվեն Արցախ մուտք գործող և Արցախից դուրս եկող տրանսպորտային միջոցները:

«Արցախպրես»-ի տեղեկացմամբ, ասել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի փոխտնօրեն Ալեքսանդր Հայրապետյանը:

«Պետք է նշեմ, որ ախտահանումը իրականացվում է տեղում: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր տրանսպորտային միջոցներն ախտահանվում են պարտադիր կերպով: Բացի դրանից, իրենց տրանսպորտային միջոցներն ախտահանելու համար դիմում են նաև անհատ տաքսիստներ: Ի դեպ, այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են ախտահանել իրենց մեքենան, ևս կարող են  դիմել մեզ»,- ավելացրել է Ա. Հայրապետյանը:

Ալեքսանդր Հայրապետյանը նշել է, որ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում շատ կարևոր է, որպեսզի վարորդները ևս իրազեկված լինեն և հետևեն վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին: