Իրանցի գեներալներ. «Սա կենսաբանական պատերազմ է»

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ոչ մի կորոնավիրուս չի խանգարում Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության սրվելուն: Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի նոր հրամանատար, բրիգադի գեներալ Էսմոիլ Քաանին վերջերս հատուկ առաքելությամբ այցելել է Սիրիայի Հալեպ քաղաք և նույնանուն նահանգ: Այս մասին Mehr News գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սիրիայի հաշտեցման ազգային հանձնաժողովի անդամ Օմար Ռահմոնը և ընդգծել, որ բրիգադի գեներալ Քաանիի այս ուղևորությունը Հալեպի մարտադաշտեր կարևոր ուղերձ է պարունակում: Բացի դրանից, Քաանին այցելել է այս նահանգի հարավային արվարձաններից մի քանի շրջաններ, որոնք գտնվում են սիրիական բանակի վերահսկողության տակ: Ըստ Ռահմոնի՝ այս ուղևորությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային և միջազգային ուժերի համար, քանի որ այն առաջինն է գեներալ-լեյտենանտ Քասեմ Սոլեյմանիի նահատակությունից հետո։ Եվ այն ցույց է տալիս, որ Իրանը շարունակում է աջակցել Սիրիայի օրինական կառավարությանն ու «Դիմադրության առանցքին», ինչպես նաև պնդում է նրա ներկայությունն ահաբեկչության դեմ պայքարում: Ռահմոնը շեշտել է. ««Ղոդս» ուժերի նոր հրամանատարի այցը Հալեպի հարավ-արևմտյան արվարձաններ ցույց է տալիս Իրանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում. Իրանը կլինի այստեղ, մինչև ազատագրվի սիրիական ամբողջ տարածքը: Սա նոր խնդիր չէ, և Իրանն ի սկզբանե նույն դիրքորոշումն է որդեգրել: Ոմանք ենթադրում էին, որ գեներալ-լեյտենանտ Սոլեյմանիի նահատակվելուց հետո մենք ականատես կլինենք Իրանի աջակցության թուլացմանը, բայց հրամանատար Քաանիի այցն այլ բան է ասում»:

«Դիմադրության առանցքը», ըստ Թեհրանի, բոլոր այն երկրներն ու ուժերն են, որոնք պաշտպանում են Սիրիային ահաբեկչական ագրեսիայից՝ սկսած 2012 թ․: Մեր ընթերցողները, հավանաբար, հիշում են, որ ահաբեկիչների դեմ պայքարում Իրանի հետ նույն շարքերում են, իհարկե, Սիրիայի, Իրաքի, Ռուսաստանի իշխանությունները, լիբանանյան (շիական) «Հեզբոլլահ» կուսակցությունը, ամբողջ աշխարհի շիական աշխարհազորայինները: Բայց, միևնույն ժամանակ, հայտնի է, որ ԱՄՆ-ը նույնպես պատրաստվում է ինչ-որ բանի: Մարտի 10-ին ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Քենեթ Մաքենզիին, հաղորդել է, որ ԱՄՆ-ը Իրաք է տեղափոխում իր հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերը, որպեսզի պաշտպանվի Իրանի կողմից հնարավոր հարձակումից: Ավելին, ամերիկացիները քայլեր են ձեռնարկել նաև Իրանի արևելյան սահմաններում ահաբեկչական գրոհները վերսկսելու ուղղությամբ: Պակիստանի տարածքից «Ջայիշ ալ-Ադլ» ահաբեկչական կազմակերպության հետ սերտ կապեր ունեցող մի խումբ փորձել է ներխուժել Իրան: «Ջայիշ ալ-Ադլ»-ը ստեղծվել է ամերիկացիների և իսրայելացիների կողմից Պակիստանի միջնորդությամբ՝ սուննիական «Ջունդուլլահ» զինված խմբավորման զինյալներից, որը ժամանակին ջախջախվել էր Իրանի կողմից, և կապեր ունի «Ալ-Քաիդայի» հետ: Այնուամենայնիվ, այստեղ նույնպես ամերիկացիները և ահաբեկիչները ձախողվեցին,- ինչպես հաղորդել է Սիստան և Բալուջիստան նահանգի (Իրան) հետախուզական վարչության ղեկավարությունը, այդ խմբավորումը «ոչնչացվել է սահմանին՝ Իրանի հետախուզական ուժերի կողմից»:

Ինչպես տեսնում եք, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արդեն պաշտոնապես պանդեմիա է հայտարարվել, իրականում չի ազդում ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Իրանի վրա: Կողմերը շարունակում են նախապատրաստվել. ուղղակի դեռ դժվար է ասել, թե կոնկրետ ինչին: Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության հրամանատար, բրիգադի գեներալ Գոլյամ Ռեզա Ջալալին մարտի 10-ին հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը կենսաբանական պատերազմի շատ բնութագրեր ունի, գրում էր «Tehran Times» թերթը։ Նա ասել է, որ անհրաժեշտ են հետագա փորձեր լաբորատորիաներում՝ հասկանալու համար, թե արդյո՞ք դա այդպես է, արդյո՞ք դա պատերազմ է: Գեներալ Ջալալին երկրորդ իրանցի զինվորականն է, որը խոսում է Իրանի դեմ տարվող կենսաբանական պատերազմի մասին: Անցած շաբաթ ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել էր, որ Իրանը ներկայումս կենսաբանական պատերազմ է մղում և ամպայման հաղթելու է այս պատերազմում. «Այսօր մենք ներգրավված ենք կենսաբանական պատերազմի մեջ, բայց երկիրը դիմադրում է: Թշնամին դեռ կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշումների և հոգեբանական գործողությունների վրա և օգտագործում է բոլոր հնարավորությունները`մեր ժողովրդի պայմանները խստացնելու համար: Թշնամին ձգտում է իր օգտին ձևավորել տարածաշրջանային իրադարձությունները»:

Գեներալներ Սալամիի և Ջալալիի հայտարարությունները փաստում են, որ իրանական բանակը կասկած չունի. երկիրը բախվել է պատերազմի նոր տեսակի հետ, որը վարում է Միացյալ Նահանգները: Իսկ մենք կհարցնենք. արդյոք տարօրինակ չէ՞, որ կորոնավիրուսից առավել տուժած տարածքները գտնվում են նույն լայնության վրա՝ հյուսիսային լայնության 40 աստիճանի սահմաններում: Սա պատահականությո՞ւն է, թե ինչ-որ խորհրդավոր արհեստական ներգործություն: Այնուամենայնիվ, նույնիսկ Իրանը չի շտապում պաշտոնապես մեղադրել Միացյալ Նահանգներին: Ամենինչ դեռ առջևում է …

Սերգեյ Շաքարյանց