Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարում ԱԻՆ ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ կայացրեց անդրանիկ նիստը: ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, քննարկվեց արտակարգ դրության պայմաններում ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը և փոխհամագործակցությունը պետական այլ գերատեսչությունների հետ:

Ըստ օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ փ/ծ տնօրեն գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն:

Օպերատիվ խմբի պետ Արմեն Հարությունյանը, դիմելով նիստի մասնակիցներին, հորդորեց կառավարության մաս կազմող մյուս նախարարությունների հետ աշխատել առավել արդյունավետությամբ, համագործակցված կատարել արտակարգ դրության պահանջներին համապատասխան բոլոր առաջադրանքները: Նա, վկայակոչելով նախարարության հումանիտար բնույթը, կարևորեց ստեղծված պայմաններում հասարակության հետ բացատրական աշխատանք տանելու, անհրաժեշտ ցուցումներ տալու, վտանգների մասին նախազգուշացնելու անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին Արմեն Հարությունյանը փոխանցեց ԱԻ նախարարի հանձնարարականը. աշխատել շուրջօրյա հասանելիության պայմաններում, ըստ անհրաժեշտության՝ իրականացնել հավելյալ գործառույթներ: