Պուտինը պատմել է, թե ինչպես է Թրամփը բողոքել իրեն՝ ԱՄՆ-ի չափազանց մեծ ռազմական ծախսերի համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ զրույցի մանրամասները՝ զենքի ծախսերի վերաբերյալ:

Ռուսաստանի ղեկավարը «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շատ է առաջ անցել պաշտպանության ծախսերով:

«Դոնալդն (Թրամփը) ինձ ասաց, որ իրենք հաջորդ տարվա համար ընդունել են խելահեղ ռազմական բյուջե՝ կարծեմ 738 միլիարդ դոլար»,- շեշտել է Պուտինը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը «դա ափսոսանքով է ասել»: «Նա ասաց, որ չափազանց մեծ ծախսեր են: Ստիպված են դա անել: Ընդհանուր առմամբ նա զինաթափման կողմնակից է, ինչպես ինքն է ասում»,- բացատրել է Ռուսաստանի պետության ղեկավարը:

Խոսելով ամերիկացի նախագահների հետ իր հարաբերությունների մասին՝ Պուտինն ասել է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին անունով է դիմում:

«Նա ինձ Վլադիմիր է ասում, ես նրան՝ Դոնալդ»,- ասել է ՌԴ առաջնորդը: