Արցախցին գիտի՝ երկրի սահմանների անվտանգությունը չի կարող որևէ դրամով գնել կամ փոխարինել

Հարցազրույց Երևանի այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի հետ։

Սոնա, այս օրերին Արցախում եք և հետևում եք նախընտրական քարոզարշավին։ Ինչպե՞ս են ընթանում, ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Ութերորդն օրն է, որ Արցախում եմ և հետևում եմ նախընտրական զարգացումներին։ Փաստեմ, որ Արցախի Հանրապետությունը, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, շատ մաքուր է, կոկիկ, հանգիստ։ Արցախցին հյուրընկալ է, պատասխանատվության բարձր զգացումով։

Թե խմբային, թե մասնավոր զրույցներից հասկացա, որ թեև Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարում է 14 թեկնածու, արցախցին ընտրություն է անելու 2 թեկնածուի միջև` Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի և Սամվել Բաբայանի։ Այո, թեև Սամվել Բաբայանը անձամբ չի առաջադրվել որպես նախագահի թեկնածու, բայց արցախցին շատ լավ գիտակցում է, որ թեկնածուն, ում սատարում է Բաբայանը, ի վիճակի չէ պետություն ղեկավարել, այն էլ բանակցային այս փուլում։

Արցախցին հիանալի գիտի նաև, թե ամպագոռգոռ հայտարարություններ անող թեկնածուներից ով որտեղ է եղել 2016-ի ապրիլին, ով է պաշտպանել սեփական արոտավայրերը, ձկներին` թույլ չտալով, որ մեզ օդի պես անհրաժեշտ տանկն անցնի իրեն պատկանող դաշտերի միջով` ասելով, թե սերմացուս բավական թանկ եմ առել, գյուղացիների արտերով տարեք։

Վստահեցնում եմ, որ այս անգամ էլ հաղթանակը լինելու է Արցախից և խնդիր ենք ունենալու պահել այդ հաղթանակը` առանց այլասերման փոխանցելով մեր սերունդներին։

Վերջերս հարձակվել էին Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա, պոկել ու գողացել քարոզչական պաստառները, ինչն ընկալվեց որպես ճնշում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի վրա և արգեսիայի դրսևորում։ Ի՞նչ վիճակ է այս առումով։

– Ագրեսիա կիրառում են, երբ վախենում են և ոչինչ չունեն հակադարձելու։ Դեպքը բացահայտված է, այս պահի դրությամբ նման դեպքեր չկան։ Իսկ ագրեսիան որևէ ձևով չի անդրադարձել քարոզարշավի ընթացքի և Վիտալի Բալասանյանի վրա։ Գեներալը հնարավորինս խաղաղ, հանգիստ և մատչելի ձևով է զրուցում ընտրողների` իր սիրելի արցախցիների հետ, որոնց հանդեպ սերը մեկ անգամ չէ, որ ապացուցել է և ամենաճակատագրական պահերին։

– Ֆինանսական ռեսուրսների կիրառման առումով թեկնածուները հավասա՞ր դիրքերում են։ Պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ընտրողներին գումարներ է բաժանում կամ այլ հարցերում է աջակցում, բայց դա չի դիտարկվում որպես ընտրակաշառք։

– Այո, որոշ թեկնածուներ ահռելի ֆինանսներ են ծախսում։ Թեկնածուներից մեկը Ստեփանակերտում 180 մետրը մեկ գրասենյակ ունի, մյուս թեկնածուն՝ 300 մետրը մեկ։ Ահռելի գումարներ են ծախսվում այդ նպատակով և նրանք չեն էլ թաքցնում։ Երբ դրամական կամ այլ տեսակի աջակցություն են ցուցաբերում ընտրողներին, ասում են՝ դա ոչ թե ընտրակաշառք է, այլ նվիրատվություն, բարեգործություն։ Բայց արցախցիները մեզ հետ զրույցում նշում են, որ մինչև քարոզարշավը նրանք այդ նույն ժողովրդի համար որևէ ծրագիր չէին իրականացնում, որևէ ձևով չէին օգնում մարդկանց, այլ միայն սեփական բարեկեցությունն էին հոգում և բիզնեսներն ընդլայնում։

Իմ ընկալմամբ, արցախցին չի գայթակղվում այդ գումարով՝ հասկանալով, որ իր երկրի սահմանների անվտանգությունը, խաղաղ երկինքը չի կարող որևէ դրամով գնել կամ փոխարինել։ Արցախցին լավ հասկանում է՝ Աստված մի արասցե, սահմանին մեծ վտանգ լինի, այդ գումարն իրենց չի փրկելու, այլ փրկելու է նա, ով ճակատագրական պահերին եղել է արցախցու կողքին և վճռական ազդեցություն ունեցել նրանց ճակատագրում։

– Որքանո՞վ են իրատեսական թեկնածուների ներկայացրած ծրագրերը։

– Ես կարող եմ խոսել Վիտալի Բալասանյանի նախընտրական ծրագրից, որում կարևորվել է ազգային կրթության հենքի վրա հայեցի և արժանապատիվ քաղաքացու դաստիարակությունը։ Հաշվի առնելով այսօր մեր պետության առաջ ծառացած մարտահրավերները՝ այլասերվածությունն օրինականացնելու, տարածելու և մեր հանրությանը խորթ գաղափարներ սերունդների մեջ սերմանելու ուղղությամբ, այսպիսի ծրագիրը, նախաձեռնությունն առանձնապես կարևոր է՝ այդ մարտահրավերներին դիմագրավելու և մեր ինքնությունը պահպանելու առումով։ Սա նշանակում է, որ ամենակործան սորոսականների առաջ փակվելու են Արցախի սահմանները, ապազգայինը տեղ չի ունենալու այնտեղ, արցախցուց չեն փորձելու դաստիարակել անսեռ, անհայրենիք քաղաքացի, և դա կարող է ընդօրինակելի դառնալ նաև Հայաստանի համար։

Կարևոր է նաև արտերկրի մեր հայրենակիցների հետ կապի և համագործակցության արդյունավետության բարձրացման, հայության ներուժի օգտագործման և հայրենադարձության նպատակով Արցախի նախագահի անմիջական ենթակայութամբ համապատասխան կառույցի ստեղծման առաջարկը, Արցախի ժողովրդագրական վիճակի բարելավման առաջարկը՝ նաև ծնելիության խթանման միջոցով, առողջապահական և կրթական ծրագրերի հասցեականության առաջարկները, որոնք նաև կնպաստեն բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը

Թագուհի Ասլանյան