Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ սահմանափակելու մասին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի պնդման վերաբերյալ․ պարզաբանում

Անդրադառնալով Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակելու վերաբերյալ վերջին օրերին տարածված լուրերին՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մարտի 4-ին LIVEnews.am կայքին տված հարցազրույցում պնդում է, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Ինչպես արդեն ասվել է մամուլի ծառայության նախորդ հրապարակումներում, Ս. Բաբայանն իր մուտքը ՌԴ սահմանափակելու վերաբերյալ պաշտոնական տեղեկության չի տիրապետում, ուստի չի կարող հերքել կամ հաստատել այն: Եթե Գ. Իսագուլյանը՝ ի դեմս իր հովանավորյալների, ստանձնել է պաշտոնական աղբյուրի դերը, նշանակում է նախ ջանացել է կազմակերպելու Ս. Բաբայանի մուտքի սահամանափակումը, ապա ակտիվորեն շրջանառության մեջ դրել այդ մասին տեղեկությունը:

Հարցազրույցի մեջ Գ. Իսագուլյանն անդրադառնում է նաև իր և Ս. Բաբայանի պայմանավորվածությանը՝ նշելով, որ դրա խախտման արդյունքում է սահամանափակվել նրա մուտքը: Մի քանի հանդիպումների և հեռախոսային զրույցների ընթացքում նույն համառությամբ Գ. Իսագուլյանը Ս. Բաբայանին առաջարկել էր նախագահական ընտրություններում աջակցել Վիտալի Բալասանյանին՝ խոստանալով բավականին գայթակղիչ պաշտոններ:

Առաջնորդվելով պետական մտածողությամբ և անդավաճան մնալով «հայ ժողովուրդը ընտրություններից պիտի դուրս գա համախմբված» սկզբունքին՝ Ս. Բաբայանը նպատակահարմար չգտավ համագործակցել Վ. Բալասանյանի հետ՝ փոխարենը սատարելով Մասիս Մայիլյանին, ինչով և պայմանավորված է Ս. Բաբայանի և Մ. Մայիլյանի դեմ ծավալված քարոզչական արշավը:

Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն