Այս պատերազմին տվեցի, ինչ կարող էի ու ձեռք բերեցի հպարտություն․ Վազգեն Սարգսյան

Այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 61 տարեկան։

Օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, բանակի բարձրագույն սպայական կազմը, Վազգեն Սարգսյանի մարտական և ոչ մարտական ընկերները, հարազատները:

«Այն Հայաստանը, որը կուզենար Վազգեն Սարգսյանը, պիտի լուծված լիներ Արցախի հարցը ու պիտի լուծված լիներ հայանպաստ, որովհետև Վազգենն իր կյանքն ու գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին,- լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՀՀ վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։- Նա զինվոր էր մինչև 1998 թվականի վերջը, դրանից հետո նոր դարձավ քաղաքական։ Վազգենին իր կենդանության ժամանակ որևէ մեկը սպարապետ չէր կոչում ու չէր էլ կարող կոչել, որովհետև ինքը թույլ չէր տա, համեստ մարդ էր։ Պատերազմ անցած տղաներից որևէ մեկից իրեն չէր գերագնահատում։ Համարում էր, որ իրենցից յուրաքանչյուրը, ով իր կյանքը տվեց Արցախյան ազատամարտին, ով ողջ մնաց կամ վիրավորվեց, ամենակարևորն էր այդ պատերազմում, ու յուրաքանչյուրի բացակայությունը չէր բերի այն հաղթանակը, ինչը կարող էր բերել։ Ինքը կարողացավ այդ անհատականություններին ամբողջականացնել, ձևավորել բանակ, որն էլ հաղթանակ բերեց, ու ինքը շատ դիպուկ է բնորոշել, որ «այս պատերազմին տվեցի, ինչ կարող էի ու ձեռք բերեցի հպարտություն»։ Վազգենը հայ պատմության, հայ իրականության մեջ շատ մեծ ներդրում ունեցող մարդ է, սերունդներն ու ժամանակը պիտի գնահատեն իրեն, իսկ մենք՝ բոլորս, պիտի աշխատենք ոչ միայն Վազգենի, այլև «Եռաբլուրում» եղած տղաների, Վազգենի այն ընկերների, ում յուրաքանչյուրի լումայի արդյունքում ունենք այն, որ Ադրբեջանն ասում է՝ ես իմ տարածքների 20 տոկոսն եմ կորցրել, հայերն ագրեսոր են, փորձում է մեզ աշխարհի աչքին 700 տարի հետո որպես ագրեսոր ներկայացնել. այդ ձեռքբերումն այս տղաների կյանքի գնով, Վազգենի չարչարանքով, քաղաքական ճանապարհով, դիվանագիտական ճանապարհով ամրացնելը եղավ»։