Իսրայելում մեծ սկանդալ է հասունանում

Իսրայելի պաշտպանության նախկին նախարար, «Մեր տունը Իսրայելն է» (ՄՏԻ) կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը, որը Հայաստանում «հայտնի է» որպես սիոնիստական ​​ֆաշիստ․ համաձայնություն էր տվել իսրայելցիներին՝ մասնակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին 2016 թվականի ապրիլին, փետրվարի 23-ին հարցազրույց է տվել իսրայելական «Kanal 12» հեռուստաընկերությանը և անկեղծորեն բացահայտել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Լիբերմանի հայտարարությունները կարող են պայթեցնել Իսրայելը, ինչը նշանակում է նաև ամբողջ Մերձավոր Արևելքը: Արտասահմանյան փորձագետները հասկանում են, թե ինչու են  հենց հիմա կատարվում բացահայտումներ: Չէ՞ որ մարտի 2-ին Իսրայելում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ արդեն երրորդ ընտրությունները մեկ տարուց պակաս ժամանակահատվածում: Քվեարկության օրվա մոտենալու հետ բոլոր առաջատար քաղաքական կուսակցությունները փորձում են հակառակորդներին հասցնել առավելագույն հնարավոր վնաս տեղեկատվաքարոզչական պատերազմի ճակատում: Վարչապետ Նեթանյահուն և նրա «Լիկուդ» իշխող կուսակցությունը թիրախ են ինչպես ձախակողմյան «Կախոլ-լավան» կուսակցության (գլխավորում է Իսրայելի զինված ուժերի գենշտաբի նախկին պետ Բենի Հանցը), այնպես էլ ազգային հայրենասիրական աջակողմյան ուժերի կողմից, որոնց ճամբարից է նաև Լիբերմանի ՄՏԻ կուսակցությունը:

Այն, ինչի մասին հայտնում ենք, իհարկե Իսրայելի ներքին խոհանոցի մանրամասներն են: Բայց չէ՞ որ առավելագույնս սրված է իրավիճակը Պաղեստինում և Պաղեստինի շուրջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքը», որին անմիջապես աջակցել է Նեթանյահուն, իրականում Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի է սրել, ոչ թե հանգեցրել է խաղաղության: Բենի Հանցը նույնպես աջակցել է «դարի գործարքին». Թրամփը նրանց երկուսին էլ ընդունել է Վաշինգտոնում, և, ըստ երևույթին, Թրամփին երկար ժամանակ պետք չեկավ «համոզելու» իսրայելացիներին: Հետևաբար պետք է հասկանանք, թե ինչ կա Լիբերմանի բացահայտումների հետևում. իր բազմաթիվ քայլերը, երբ նա Իսրայելի կառավարության անդամ էր, ուղղված էին նաև հայերի դեմ՝ Իսրայելում, Սիրիայում կամ նույնիսկ Անդրկովկասում:

Այսպիսով, ըստ Լիբերմանի խոսքերի՝ Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավար Յոսի Քոենը և գեներալ Հերցի Ալևին երկու շաբաթ առաջ վարչապետ Նեթանյահուի ցուցումով գաղտնի ուղևորվել են Քաթար: «Նրանք գնացել և խնդրում էին Քաթարի կառավարությանը՝ մարտի 30-ից հետո գումար փոխանցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը Գազայի հատվածում: Քաթարցիները հայտարարել են մարտի 30-ից հետո գումարի փոխանցումը դադարեցնելու մասին»,- ասել է Լիբերմանը: Գազայի հատվածը գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ, ուստի պաղեստինյան այս անկլավին գումար հատկացնելը, ըստ Լիբերմանի, հավասարազոր է «ահաբեկիչների» ֆինանսավորմանը: Քաթարն ավելի վաղ հայտարարել էր մարտից սկսած Գազայի հատվածի բնակիչներին ֆինանսական օգնության դադարեցման մասին: Դոհան ֆինանսական օգնություն է ցուցաբերել Գազայի գրեթե 75 000 աղքատ ընտանիքների և վերջին տարիներին եղել է անկլավի գլխավոր արաբական հովանավորը: Ընդհանուր առմամբ, թերակղզային էմիրությունը տարեկան պաղեստինցիներին հատկացնում էր 30 միլիոն դոլար: Իսկ Իսրայելում ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնապես ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում… Այսինքն՝ հարվածելով Նեթանյահուին, Լիբերմանը փաստացի մեղադրում է Իսրայելի վարչապետին ՀԱՄԱՍ-ի հետ գաղտնի դավադրության մեջ: Այնուամենայնիվ, մեր կարծիքով, Լիբերմանի նպատակը երկկողմանի է. սա ոչ միայն Նեթանյահուին և «Լիկուդ» կուսակցությունը թուլացնելու փորձ է, այլև պաղեստինցիների միջև պառակտումն ուժեղացնելու: Չէ՞ որ հայտնի է, որ ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) միջև կան ուժեղ և լուրջ տարաձայնություններ, ՀԱՄԱՍ-ը պարբերաբար մեղադրում է ՄԱԿ-ին՝ Իսրայելի գաղտնի ծառայությունների հետ համագործակցելու համար: Ի պատասխան՝ ՊԱԿ-ը խոսում է այն մասին, որ ՀԱՄԱՍ-ն ստեղծվել է «Մոսադ» հետախուզական գործակալության կողմից՝ ՊԱԿ-ը թուլացնելու համար և այլն:

Հասկանալի է, որ առանց Քաթարի ֆինանսական աջակցության, Գազայում կարող են անկարգություններ սկսվել, ընդ որում՝ սոցիալ-տնտեսական հողի վրա: Իրավիճակը սպառնում է տարածվել նաև Պաղեստինի մյուս տարածքներում: Իսրայելը, իհարկե, կաթվածահար չի լինի, բայց ակնհայտորեն կկանգնի մեծ թվով խնդիրների առաջ: Բացի դրանից, Գազայում կթուլանա ՀԱՄԱՍ-ի իշխանությունը: Իսկ Լիբերմանը վաղուց է երազում ոչնչացնել այս շարժումը: Ստացվում է, որ Իսրայելի պաշտպանության նախկին նախարարը փորձում է «մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել», նախ՝ թույլ չտալ, որ «Լիքուդ» կուսակցությունն ու Նեթանյահուն հաղթեն խորհրդարանական ընտրություններում, կամ էլ մեծապես թուլացնել իրենց հնարավորությունները: Եվ երկրորդ. նպաստել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերի վատթարացմանը: Կարող են լինել այլ վարկածներ, բայց մենք բավարար տեղեկատվություն չունենք, որպեսզի դիտարկենք ՊԱԿ-ի հետաքրքրվածության հավանականությունը և դրա առաջնորդ Մահմուդ Աբասի շահագրգռվածությունը Նեթանյահուի և ՀԱՄԱՍ-ի անկման հարցում: Այնուամենայնիվ պարզ է, որ եթե Լիբերմանի բացահայտումներին ընթացք տրվի, ապա տարածաշրջանը կպայթի, ավելին, նորից պառակտում կառաջանա արաբական աշխարհում որպես ամբողջություն․ այլ երկրների արաբները և Իրանը, օրինակ, կարող են Քաթարին մեղադրել Իսրայելին օգնելու մեջ: Շարունակեք հետևել իրավիճակի զարգացմանը…

Սերգեյ Շաքարյանց