Երբ ամբողջ ազգն ամեն ինչ թողնում և թիթեռ է նկարում յոթ հոգու համար (տեսանյութ)

Այսօր` փետրվարի 17-ին, պաշտոնապես մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։ Ապրիլի 4-ը լռության օր է, իսկ ապրիլի 5-ին՝ կիրակի օրը, տեղի կունենա հանրաքվեն: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել անհրաժեշտ 650 հազար քվեն ապահովելու համար։ Ամեն ինչ օրենքի սահմաններում, քանի որ այս իշխանությունները եթե փորձեն անօրինական քայլերի գնալ, նրանց համար շատ բան կփլուզվի։ Կարեն Քոչարյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը զերծ կմնա կեղծումներից։

Հարցին, թե ինչը հանգեցրեց սահմանադրական հանրաքվեի անցկացմանը, ինչո՞ւ ի վերջո իշխանությունները որոշեցին այսպես հակադարձել ՍԴ նախագահին, նա պատասխանեց․ «Վերջին վեց ամսվա ընթացքում, չգիտես ինչու, ՍԴ-ն և մասնավորապես նախագահ Հրայր Թովմասյանը դարձան այսօրվա իշխանությունների թիվ մեկ թիրախը։ Առիթ ունեցել եմ ասելու՝ չեմ կարծում, որ նախորդ իշխանությունների ամենակարկառուն, օդիոզ դեմքը Հրայր Թովմասյանն է, և պետք է նա դառնար նախկին իշխանության սիմվոլը։ Կարծում եմ, իշխանությունները իրենց իսկ իդեա ֆիքսին հետևելով՝ ողջ գործընթացը տարան հանրաքվեի»։

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին հրավիրում է մասնակցելու հանրաքվեին, քանի որ իրենք էլ գիտեն՝ շատ բարդ է լինելու անհրաժեշտ քանակությամբ քվե հավաքելը։

«2018 թվականին, երբ խորհրդարանական ընտրությունները եղան, հասարակությունը էյֆորիկ տրամադրությունների ամենաթեժ պահին 72-73 տոկոս ձայն ապահովեց իշխանությունների համար, ինչը բացարձակ թվերով 820 հազար ձայն է։ Այսօր՝ ընտրություններից մեկուկես տարի հետո նախկին ոգևորությունը չկա, և 650 հազար ձայնը բավականին լուրջ թիվ է, ինչը գիտակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, այդ պատճառով փորձում է սփյուռքի մեր հայրենակիցներին ներգրավել, ինչպես նաև գործընթացը վերածել վստահության հանրաքվեի՝ անընդհատ անցյալի և ներկայի պայքարի հարթություն տանելով։ Նա էլ լավ պատկերացնում է, որ Սահմանդրություն ասվածը ՀՀ քաղաքացիներին ոչինչ չի ասում, և նրանց պետք է այլ թեմաներով շահագրգռել»,- ասաց Կարեն Քոչարյանը։

Նրա համար անընդունելի է՝ հանրաքվե անցկացնել ոչ թե համակարգային փոփոխությունների, այլ անձերին փոխելու համար, դա անպտուղ աշխատանք է։

«Մենք միշտ ասում ենք՝ խնդիրն անհատները չեն, խնդիրը համակարգն է, և մի ամբողջ հանրաքվե անել յոթ հոգուն, այլ ոչ թե համակարգը փոխելու համար, զավեշտալի է։ Եթե անգամ օրենքի խախտումով է եղել, ինչպես պնդում են մասնագետները, ես համաձայն կլինեի, միայն պայմանով, որ հանրաքվեի դրվեր նոր Սահմանադրությունը․ մենք հասկանայինք՝ ինչ ենք փոխում, ինչի համար ենք փոխում և որ համակարգից դեպի որ համակարգ ենք ուզում անցնել։ Բայց երբ մի ամբողջ ազգ ամեն ինչ թողնում է և թիթեռ է նկարում յոթ հոգու համար, դա զավեշտի է վերածվում գոնե ինձ համար»։

Խոսելով նախագահի կողմից հանրաքվեի որոշումը ստորագրելու մասին, քաղտեխնոլոգն ասաց՝ իր մոտ տպավորություն է, թե նախագահը, որը երկար տարիներ չի ապրել Հայաստանում, որի «ժեկի» թուղթը, բացի Փաշինյանից, ոչ ոք չի տեսել, ինչ-որ առաքելությամբ է եկել և ամեն գնով պետք է կատարի այդ առաքելությունը․ եթե պետք է՝ երեխաների հետ պաղպաղակ կուտի, եթե պետք է՝ կոտլետ կսարքի, կստորագրի, ինչ-որ մեկի հետ կհանդիպի, կանի ամեն ինչ, ինչը չի խոչընդոտի այն առաքելությանը, ինչի համար նա դարձել է ՀՀ նախագահ։

Մանրամասները՝ տեսանյութում