«Առյուծ» մականունով ԱՄՆ բանակի հայ գնդապետը․ Էվերետ Քանդարյան

1918 թվականի փետրվարի 16-ին Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ) Սարգիս և Ռոզա Քանդարյանների ընտանիքում ծնվել է ԱՄՆ ապագա գնդապետ Էվերետ Քանդարյանը։

Էվերետի հայրը՝ Սարգիսը, անցած դարասկզբին եղբոր հետ կարողացել է փրկվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից և հայտնվել է Ամերիկայում:

Դպրոցի իր ուսուցչի՝ պաշտոնաթող զինվորական Ջոն Սիգելմանի խորհրդով՝ Էվերետը ընդունվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի ռազմական ակադեմիան:

Էվերետը ակադեմիան ավարտել է  1940 թվականին և նույն թվականին ԱՄՆ ցամաքային զորքերի կրտսեր սերժանտի կոչումով ընդունվել է ԱՄՆ  ԶՈՒ Վեստ Փոյնթի բարձրագույն հրամանատարական դպրոց: 1943 թվականին Էվերետ Քանդարյանն ավարտել է ռազմական դպրոցը՝ որպես ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի լեյտենանտ։

1946-1948 թթ․Քանդարյանը ծառայել է  ԱՄՆ Օհայո նահանգի «Քեմփ Փերի» ցամաքային ուժերի ճամբարում՝ որպես շտաբի պետի տեղակալ։ 1949-1953-թթ․ սովորել է Նորֆոլկում գտնվող ԱՄՆ Զինված ուժերի ինժեներա-տեխնիկական ակադեմիայում: Ավարտելուց հետո, արդեն մայորի կոչումով Քանդարյանին ուղարկել են Սիեթլում գտնվող ԱՄՆ Զինված ուժերի հատուկ նշանակության ռազմական ճամբար՝ որպես սպառազինության գլխավոր մասնագետ:

1958-1970 թվթ․ ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբում Քանդարյանը Վիետնամի պատերազմի ժամանակ զբաղվում էր նյութատեխնիկական մատակարարման հարցերով: 1976-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարի անձնական հրամանով Քանդարյանը նշանակվել է Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի ընդունման առթիվ միջոցառումների կազմակերպման պատասխանատու։

1983-ին Քանդարյանին շնորհվել է ԱՄՆ Զինված ուժերի գնդապետի կոչում, նշանակվել է Վեսթ Փոյնթում գտնվող ԱՄՆ 28-րդ սպառազինության բազայի ղեկավարի պաշտոնում։

Էվերետ Քանդարյանը, որին անվանում էին նաև Մասաչուսեթսյան առյուծ, պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի մեդալով՝ ամերիկյան բանակի մարտունակության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։ Նա նաև «Ակնառու ծառայությունների համար» շքանշանի ասպետ է:

1991-ին դառնալով «Ամերիկայի հրաձգային ազգային ասոցիացիայի» անդամ, Քանդարյանին հաջողվել է տարբեր ոլորտների ազդեցիկ ամերիկացիներին ներգրավել դեպի հայկական կազմակերպություններ:

Էվերետ Քանդարյանը մահացել է ապրիլի 28-ին, 2007 թվականին, 89 տարեկանում։