Թուրքիան և Իսրայելը դաշնակիցներ են

Այն, ինչ հիմա կատարվում է Հյուսիսային Սիրիայում, միանշանակ կոչվում է Թուրքիայի և Իսրայելի չհրահրված համատեղ ագրեսիա: Եվ աշխարհն այդ մասին տեղյակ է եղել փետրվարի 6-ից, սակայն Միացյալ Նահանգները լռում է, ՄԱԿ-ը լռում է, մեծ տերություններից միայն Ռուսաստանն ու Չինաստան են բացասական գնահատական տվել: Փետրվարի 6-ին Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ այդ օրվա լուսաբացին թուրքական ուժերը անմիջական համակարգմամբ և իսրայելական ագրեսիայի քողի տակ սահմանով ներթափանցել են Սիրիա, ինչը հաստատում է, որ թուրքական ռեժիմն ու իսրայելական պետմիավորումն ունեն ընդհանուր նպատակ՝ պաշտպանել ահաբեկիչներին: Թուրք ագրեսորները տեղակայել են իրենց ռազմական տեխնիկան Բինիշ, Մաարեթ-Միսրին և Թաֆթանազ գյուղերի միջև ընկած հատվածում: Սա ցույց է տալիս թուրքական ռեժիմի և իսրայելական տարածքային միավորման նպատակների միասնությունը. ամբողջական ջախջախումից փրկել իրենց «գործիքները» Սիրիայում, հատկապես «Ջեբհաթ Ան-Նուսրա»-ի ահաբեկիչներին և խոչընդոտել սիրիական բանակի հարձակմանը Իդլիբում և Հալեպ նահանգի արևելյան մասում:

Պետք է համաձայնել Դամասկոսի հետ. Թուրքական ռեժիմի գործողությունները՝ իսրայելական ագրեսիայի աջակցությամբ, սիրիական ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, ինչպես նաև հստակորեն ցույց է տալիս ամբողջ աշխարհին, թե ով է սատարում, կոծկում և պաշտպանում ահաբեկիչներին Սիրիայում: Իսրայելական ագրեսիան, որը ժամանակով համընկնում էր թուրքական զորքերի Սիրիայի տարածք մուտք գործելու հետ, դիմակազրկում է թուրքական ռեժիմի տգեղ դեմքը, որը նախկինում հայտարարել էր Իսրայելի նկատմամբ իր ենթադրյալ թշնամանքի մասին: Սիրիայի արտգործնախարարությունը շեշտել է, որ թուրքական ռեժիմի կամ իսրայելական սիոնիզմի ագրեսիան կամ նույնիսկ երկուսն էլ, չեն ստիպի սիրիական բանակին հրաժարվել ահաբեկչության դեմ պայքարի շարունակությունից մինչև սիրիական բոլոր հողերի ազատագրումը և ահաբեկիչների վերացումը:

Ինչպես փետրվարի 11-ին հաղորդել է սիրիական SANA գործակալությունը, Սիրիայի արտգործնախարարությունն այս օրը դիմել է միջազգային հանրությանը: Փաստաթղթում ասվում է, որ թուրքական ռեժիմը շարունակում է ագրեսիան ընդդեմ Սիրիայի տարածքի ինքնիշխանության և անձեռնմխելիության՝ մեծ քանակությամբ ռազմական ուժեր մտցնելով Իդլիբ և Հալեպ, հարձակվում է բնակավայրերի և սիրիական զորքերի դիրքերի վրա` փորձելով փրկել իրենց խամաճիկներին` ահաբեկչական խմբավորումները, որոնք պարտվում են սիրիական բանակի ճնշման տակ: Դամասկոսը վերահաստատել է իր հողի վրա ցանկացած թուրքական ներկայության կտրականապես մերժումը, որը ոտնձգություն է սիրիական ինքնիշխանությանը, միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև Իդլիբի դեէսկալացիայի գոտու վերաբերյալ «Աստանայի» և «Սոչիի» համաձայնագրերի հայտարարությունների կոպիտ խախտումն է: Այս ամենը վկայում է Էրդողանի, որը շարունակում է հանդես գալ որպես «օրենքից դուրս ռեժիմ», ստանձնած պարտավորությունները կատարելու համառ դժկամության մասին, հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը: Դամասկոսը միջազգային հանրությանը կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ զսպելու թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները և դադարեցնելու Սիրիայում ու Լիբիայում Թուրքայի կողմից ահաբեկիչներին անսահմանափակ աջակցություն ցուցաբերելը: Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությունը հաստատել է, որ Թուրքիայի ագրեսիան չի հանգեցնի ահաբեկչական կազմակերպությունների վերածննդի, և սիրիական բանակը կշարունակի հետապնդել մնացած զինված հանցավոր խմբերը, քանի դեռ դրանք լիովին վերացված չեն, և երկրի ամբողջ տարածքի ամբողջական վերահսկողությունը վերականգնված չէ:

Մոսկվայի արձագանքը ակնթարթային էր: Փետրվարի 11-ին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին հայտնել է, որ Կրեմլը լրջորեն անհանգստացած է Իդլիբում ահաբեկիչների գործողությունների հետ կապված իրավիճակից: «Այս պահին մենք կարևոր ենք համարում Սոչիի համաձայնագրերի իրականացումը: Սա եղել  և մնում է շատ կարևոր, և իհարկե, ցանկացած ահաբեկչական գործունեության ճնշումը, որն ուղղված է սիրիական զինված ուժերի և Ռուսաստանի ռազմական օբյեկտների դեմ»,- ասաց Պեսկովը: Իդլիբում ահաբեկչական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ նահանգներից զինյալների հարձակումները, որոնք «ոչ միայն իրենց ազատ են զգում», այլև գրոհներ կազմակերպում, անընդունելի են, ընդգծել է Վլադիմիր Պուտինի խոսնակը: Կրեմլը Թուրքիայի վարչակարգի ղեկավարին կոչ է արել կատարել Իդլիբի առնչությամբ ստանձնած պարտավորությունները՝ Սոչիի համաձայնագրերին համապատասխան: Իսկ արդեն փետրվարի 13-ին իմացանք, որ Ռուսաստանի ռազմական շրջանակները «դոբրո» են տվել սիրիական բանակին՝ խոցել թուրքական ավիացիա Ս-300 հրթիռային կայանքներից:

Ինչպես կարելի է նկատել, Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը դեռ կանգնած է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողքին: Ակնկալվում է, որ Սիրիայում տեղակայված ռուսական զորքերը կամրապնդեն իրենց ռազմական օգնությունը Դամասկոսին: Ըստ երևույթին, Ռուսաստանը կհամաձայնեցնի իր միջոցառումները Իրանի հետ, որը փետրվարի 11-ին նաև հայտարարել է ալ-Ասադին և սիրիական բանակին օգնելու մտադրության մասին: Էրդողանը ոչ միայն իրեն բացահայտել է որպես Իսրայելի դաշնակից, և այդ գնահատականը վերաբերում է նաև Թել Ավիվին. Իսրայելն իրեն դրսևորել է որպես Թուրքիայի և ահաբեկիչների դաշնակից: Սակայն Թուրքիայի նախագահն ավելի վատ վիճակում է՝ ի տարբերություն Իսրայելի, Ռուսաստանը և Իրանը պատրաստ են անուղղակիորեն սանձնել Թուրքիային և աջակցել Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերմանը:

Սերգեյ Շաքարյանց