«Նաիրիտը» կարող է վաճառվել իրանական կողմին

Այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի վերագործարկման մասին հարցին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, չհերքեց, որ կարող է «Նաիրիտը» վաճառվել իրանական կողմին: Վերագործարկման մասին կառավարությունը բանակցություն է վարում իրանական կողմի հետ:

«Կառավարությունը բոլոր նման դեպքերում, եթե լինի այնպիսի ներդրումային առաջարկ, որն իր երկարաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, պատրաստ է քննարկել: Բոլոր դեպքերում, կառավարությունը պատրաստ է քննարկել դրա շուրջ որևէ ներդրումային նախաձեռնություն»,- լրագրողներին ասաց Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանը մանրամասներ չներկայացրեց, հորդորեց սպասել, և ամեն ինչ պարզ կլինի: Նա նաև նշեց, որ չի կարող հաշվարկ ներկայացնել, թե որքան գումար է անհրաժեշտ «Նաիրիտի» վերագործարկման համար:

«Անկախ գումարի չափից, նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը»,- ընդգծել է նա: