Ռուսաստանն ակտիվանում է Սիրիայում և Թուրքիայում

Իրանա-ամերիկյան հարաբերությունների սրման ֆոնին տեղի են ունեցել ոչ պակաս կարևոր իրադարձություններ, համենայնդեպս, մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի տեսանկյունից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցեր է կատարել Սիրիա և Թուրքիա: Իսկ արդեն հունվարի 9-ին հրթիռային հածանավի տախտակամածից հետևում էր Սև ծովում Հյուսիսային և Սևծովյան նավատորմերի համատեղ զորավարժությունների ընթացքին: Այս զորավարժությունները նույնիսկ գերնշանակալի են. ներգրավված էին ավելի քան 30 նավ, սուզանավ և ավելի քան 40 թռչող սարք: Իսկ Ղրիմի ափերի մոտ Ռուսաստանի նախագահն անձամբ վերահսկել է, թե ինչպես զորավարժությունների ընթացքում երկու «Միգ-31Կ» կործանիչներ մարտական կրակ արձակեցին կրակադաշտերի թիրախներից մեկի ուղղությամբ՝ «Դաշույն» գերձայնային համակարգի հրթիռով: «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատի, «Օրեխովո-Զուևո» փոքր նավի և «Կոլպինո» սուզանավի անձնակազմերը նույնպես հրթիռակոծություն ցուցադրեցին «Կալիբր» հրթիռներով՝ մակերևութային և ստորջրյա դիրքերից: Այսինքն՝ Դամասկոսից և Ստամբուլից անմիջապես հետո Պուտինը հետևում էր, թե ինչպես են իրենց դրսևորում Ռուսաստանի հրթիռային նորագույն  սպառազինությունները…

Այս փաստն ինքնին հետաքրքիր է: Ռազմական տեխնիկայի փորձարկումները, ներառյալ ռազմանավերը, ռազմածովային ավիացիան, ցանկացած մեծ տերության համար սովորական պրակտիկա է, բայց այս դեպքում պատահական չէ, որ մենք Պուտինի ուղևորությունները Սիրիա և Թուրքիա կապում ենք Սև ծովում ռազմա-ծովային զորավարժությունների հետ: Վստահ ենք, որ սրանք փոխկապակցված իրադարձություններ են, նամանավանդ, որ «Մարշալ Ուստինով» հածանավը գնում է դեպի Սիրիայի ափեր, Միջերկրական ծով: Ինչ վերաբերում է Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումներին ու բանակցություններին, մենք համարում ենք, որ առավել արժեքավոր տեղեկատվությունն այն է, ինչը հայտնի դարձավ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունների շնորհիվ: «Օդանավակայանից Վլադիմիր Պուտինն ուղևորվել է դեպի Սիրիայում ՌԴ Զինված ուժերի խմբավորման հրամանատարական կետ, անցել Դամասկոսի փողոցներով»,- հայտնել է Պեսկովը: Եվ հենց հրամանատարական կետում է Ռուսաստանի ղեկավարին դիմավորել Ալ-Ասադը: Երկու երկրների ղեկավարները լսել են ռազմական զեկույցներ երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ավելի ուշ տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ Սիրիայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև: Ըստ Պեսկովի խոսքերի՝ «Ասադի հետ շփման ընթացքում Պուտինը նշել է, որ այժմ կարելի է վստահորեն ասել, որ հսկայական հեռավորություն է հաղթահարվել սիրիական պետականության վերականգնման և երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհին»: Ի դեպ, նույն ժամերի ընթացքում սիրիական բանակը, ըստ երևույթին, առանց լրացուցիչ ջանքերի, ազատել է ևս մի քանի բնակավայրեր Իդլիբի «դեսկալացիայի գոտում», և այս անգամ Թուրքիան չի գոռացել, որ «Ռուսաստանն ու Իրանը դրժում են խոստումները»: Իսկ Պեսկովը նաև նշել է, որ Պուտինի՝ Սիրիայում գտնվելու ծրագրում նախատեսվում է այցելել ևս մի քանի օբյեկտներ: Ենթադրում ենք, որ, այդ թվում նաև՝ Էլ-Կամիշլի նահանգում գտնվող նոր ռուսական բազայի օբյեկտները, ինչպես նաև այն նախկին ամերիկյան բազաները, որտեղ բոլորովին վերջերս մտել է Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը:

Ավելի դժվար է որոշել, թե ինչ հարցեր են շոշափել Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում իրենց բանակցություննրի ընթացքում: Պաշտոնապես նրանք գործարկել են «Թուրքական հոսք» գազատարը: Ընդ որում նրանց կողքին էին Սերբիայի, Բուլղարիայի իշխանությունների ներկայացուցիչները և այլն: Ռուսաստանի կողմից միջոցառմանը մասնակցում էին էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը: Հունվարից Բուլղարիան, Հյուսիսային  Մակեդոնիան և Հունաստանն արդեն սկսել են ռուսական գազ ստանալ այս «խողովակով», հերթի մեջ է Սերբիան, իսկ այնուհետև՝ նաև այլ երկրներ: Թվում է, թե տեղական իրադարձություն է, բայց… Բանն այն է, որ Պուտինն ու Էրդողանը այնուհետև դեմ առ դեմ խոսակցություններ են ունեցել: Տարբեր լրատվամիջոցներում նշվում էր, որ օրակարգում ներառված է նաև իրանա-ամերիկյան հարաբերությունների սրման հարցը, ինչպես նաև Սիրիան և Լիբիան: Բայց եթե Սիրիայի հետ ինչ-որ բան պարզվում է, և Թուրքիան արդեն իսկ ինքն է «տարհանում» ահաբեկիչներին Իդլիբի «դեսկալացիայի գոտուց», ընդ որում ահաբեկիչներից ոմանք արդեն հոսքերով մեկնում են Թուրքիա, ապա սա այն է, թե ինչ մասին կարող էին պայմանավորվել (կամ չպայմանավորվել)  Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, առայժմ չափազանց դժվար է կանխատեսել: Օրինակ՝ թուրքերը Իդլիբից ահաբեկիչների մի մասը… տանում են Լիբիա: Իսկ Լիբիայում, եթե հավատանք ԶԼՄ-ներին, օրերս, մարշալ Խալիֆ Հաֆթարի զորքերը գրավել են Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքը` Սիրթը: Ընդ որում պնդվում է, որ Սիրթից այն ուժերի զորքերը, որոնց Էրդողանը անվանել է իր դաշնակիցներ, դուրս են մղել իբր հենց ռուսաստանյան զինվորականները «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունից: Էրդողանը վախենում է նաև Իրաքում իրադարձությունների զարգացումից, նյարդայնանում է Իրանի հայտարարության պատճառով այն մասին, որ ամերիկյան զորքերը պետք է դուրս գան ողջ Արևմտյան Ասիայից, այլ ոչ միայն Իրաքից և Սիրիայից: Հիշեցնենք ընթերցողներին. Արևմտյան Ասիան դա և Անդրկովկասն է, և Փոքր Ասիան, այսինքն` Թուրքիան:

Ինչպես տեսնում եք, 2020 թվականը շատ բուռն մեկնարկ ունեցավ: Միասին հետևենք իրադարձությունների զարգացմանը:

Սերգեյ Շաքարյանց