Մսի իրացման կետերում պետական վերահսկողական միջոցառումները լինելու են շարունակական

«Մսի իրացման կետերում թեև վիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն դեռ հեռու է բավարար լինելուց. խնդիրներ կան, որոնք, այո, համալիր լուծումներ են պահանջում, սակայն կան թերացումներ, որոնց նկատմամբ լիազոր մարմինը չի կարող հանդուրժողականություն դրսևորել և չի դրսևորելու»,- այս մասին ասել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Երևանի շուկաների տնօրենների, մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող  անասնաբույժների հետ հանդիպման ընթացքում:

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ լրատվական ծառայության տեղեկացմամբ, տեսչական մարմնի ղեկավարը ներկաներին հորդորել է խիստ ուշադրություն դարձնել մսի շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգությանը և վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական պահանջներին, միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում, հիգիենիկ պայմաններում: Նա հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ՝ եթե մենք, փողոցներում, մայթերին մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր: Գեորգի Ավետիսյանն ընդգծել է, որ կարևորագույն խնդիր է չափանիշների բարձրացումն ու դրանց ապահովումը:

Հանդիպմանը մասնակցող ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը միս վաճառող տնտեսավարողներին հորդորել է ուշադրություն դարձնել անձնակազմի սանիտարական գրքույկների բացակայության և պարբերական բուժզննության ժամկետների խախտման դեպքերին և բացառել դրանք:

Տնտեսվարողները ներկայացրել են այն խնդիրները, որոնց լուծման համար ակնկալում են պետության ու լիազոր մարմնի աջակցությունը: ՍԱՏՄ պաշտոնյաները հավաստիացրել են, որ պետական վերահսկողական միջոցառումները լինելու են շարունակական, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողական և գործուն քայլեր ձեռնարկել նշված խախտումները վերացնելու ուղղությամբ, իսկ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տնտեսվարողները կարող են ստանալ ցանկացած պահի, այդ թվում և թեժ գծի միջոցով: