Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, շնորհավորելով Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուրազաևը նշել է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպանները քննարկել և ողջունել են այս կարևորագույն պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի նշանակումը, քանի որ նա սկզբունքային քաղաքական գործիչ է:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության օրակարգը: Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն աշխատել Ղազախստանի խորհրդարանի՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովների հետ՝ հաշվի առնելով նաև Ղազախստանում հայկական համայնքի ներկայությունը:

Դեսպանը նշել է, որ իր երկիրը լուրջ քայլեր է կատարում միանալու միջազգային այն կոնվենցիաներին, որոնց հիմքում են մարդու իրավունքը, արդար դատական համակարգը. այս պահին գործընթացի մեջ է Ղազախստանի միացումը ԵԽ «Գրեկո» հակակոռուպցիոն միջազգային կազմակերպությանը:

Կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առկա խնդիրները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ցանկացած հարց պետք է լուծվի երկխոսության ճանապարհով, գործընկերների միջև չկան և չպետք է լինեն անլուծելի խնդիրներ: Նա կարևորել է Հայաստանում ներդրումների ներգրավումը հատկապես այս փուլում, երբ մեր երկրում հայտարարվել է տնտեսական հեղափոխության նոր շրջան:

Զրուցակիցները քննարկել են նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր: