Թեև հայ հասարակության մի մասը դեռ հեղափոխության էյֆորիայի ազդեցության տակ է, բայց սոցիալական պայթյունը մի օր կարող է դառնալ անխուսափելի

Հացը թանկացավ․․․

 

Երևանում, միանգամայն ենթադրելի է, որ Հայաստանի նաև այլ բնակավայրերում, հացը հունվարի 30-ից թանկացել է։ Ավելի ճիշտ, թանկացումը սկսվել էր ավելի վաղ, սակայն հացի մինչ այդ եղած քաշը գցելու միջոցով։ Հիմա թեև հացի գինը բարձրացել է, սակայն նախկին քաշը չի վերականգնվել։

Որոշ արտադրողներ հացը դեռ չեն թանկացրել, սակայն հացի խանութներում ասում են, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում նրանք էլ են հացի գները բարձրացնելու։ Հացի գինն առայժմ բարձրացել է 10 դրամով, սակայն որևէ երաշխիք չկա, որ այս տարվա ընթացքում հացի գների բարձրացում այլևս չի լինի՝ կամ ֆինանսական արտահայտությամբ, կամ քաշի հետագա նվազեցմամբ։ Ընդհակառակը՝ մեծ է հավանականությունը, որ հենց այդպես էլ կլինի։ Ինչպես հայտնի է, վերջին տարիների ընթացքում շատ արտադրողներ ու ներկրողներ սողացող գնաճը, այսինքն՝ երբ գները 10-10 դրամով աստիճանաբար բարձրացնում են, իրենց ապրանքների գների բարձրացման հուսալի ու փորձված միջոց են դարձրել։ Բացի վերը նշվածից, կա վտանգ, որ հացի գների բարձրացումը կարող է հանգեցնել այլ ապրանքների գների բարձրացման «շղթայական ռեակցիայի»։

Հացի թանկացումը պատճառաբանվում է ալյուրի գների բարձրացմամբ, սակայն պետք է հաշվի առնել, որ 1 հացը, որի գինը բարձրացել է 10 դրամով, մեկ կիլոգրամ չէ, այլ 200-250 գրամ, հետևաբար ստացվում է, որ մեկ կիլոգրամի հաշվով հացի գինը բարձրացվել է 40-50 դրամով։

Կառավարության, ինչպես նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջնահերթ խնդիրն է թույլ չտալ, որ հացի գների բարձրացումը գերազանցի ալյուրի գների բարձրացմանը։ Այլապես․․․ Թեև հայ հասարակության մի մասը դեռ հեղափոխության էյֆորիայի ազդեցության տակ է, բայց սոցիալական պայթյունը մի օր կարող է դառնալ անխուսափելի։