Պուտինին և Էրդողանին Կրեմլում հանդիպման են մղել Սիրիան և քրդերը…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ Կրեմլում բանակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը Մոսկվայում էր գտնվում մեկօրյա և, ի դեպ, այս տարի առաջին արտասահմանյան այցով։ Դա երկու պետությունների առաջնորդների իններորդ (սկսած 2018 թվականից) հանդիպումն էր, ինչը պատմական չափանիշներով աննախադեպ է։ Հենց թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանը 2014-ից ի վեր «բարդ» հարաբերություններում է ՆԱՏՕ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի տիրոջ, այսինքն՝ ԱՄՆ-ի հետ։ Այցն ակնհայտորեն շտապ էր, համենայն դեպս, Թուրքիայի նախագահի համար։

Թուրքական «Anadolu» գործակալութան տվյալներով, Էրդողանն ու Պուտինն անցած տարի ունեցել են 18 հեռախոսազրույց, հանդիպել վեց գագաթնաժողովների շրջանակներում, ոչ պաշտոնական զրույց անցկացրել Փարիզում, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի առթիվ հանդիսությունների կողասրահներում։ Նրանց միջև ստեղծվել են առանձնահատուկ քաղաքական հարաբերություններ, որոնք չես անվանի վստահալից, բայց որոնք նպաստում են  բազմապրոֆիլ համագործակցության ամենատարբեր տեսանկյունների շուրջ արգասաբեր երկխոսությանը։

Պատահական չէ, որ Պուտինը, Կրեմլում սկսելով բանակցություններն Էրդողանի հետ, հայտարարել է, որ փոխհարաբերություններում ձեռք բերված մակարդակը հնարավոր է դարձել «զգալի չափով» Թուրքիայի նախագահի «անձնական արժանիքի և ջանքերի» շնորհիվ, որը «չափազանց շատ ժամանակ է հատկացնում դրան»։ ՌԴ նախագահի հայտարարությունը բազմանշանակ է, մանավանդ եթե հիշենք 2015 թվականին իր իսկ արտահայտությունը «թիկունքին դանակահարվածի» մասին՝ այն բանից հետո, երբ թուրքերը Սիրիայում խփեցին ռուսաստանյան ՕՏՈՒ-ի ինքնաթիռը։ Դա նշանակում է, որ բնավ Ռուսաստանը չէ, որ սողում Անկարայի առաջ, այլ․․․

Իսկապես, Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընդլայնվում է փոխգործակցությունը տնտեսական ոլորտում, ապրանքաշրջանառությունը 2018թ. 11 ամիսների ընթացքում աճել է 18%-ով, հասնելով 23 մլրդ դոլարի, գերազանցելով ամբողջ 2017 թվականի ցուցանիշը։ Համեմատաբար ակտիվ է գործում Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհուրդը, որն ապահովում է ռուս-թուրքական գործակցության համակարգումն ամենատարբեր ոլորտներում, իրականացվում են մասշտաբային համատեղ էներգետիկ նախագծեր, ակտիվորեն զարգանում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։

Նախկինում Անկարան, կառուցելով առևտրատնտեսական համագործակցությունը Մոսկվայի հետ, հայտարարում էր, թե գործում է «տնտեսությունը՝ առանձին, քաղաքականությունը՝ առանձին» բանաձևով։ Բայց այժմ Թուրքիան չի թաքցնում, որ քաղաքականությունն ու տնտեսությունը սկսել են քայլել կողք-կողքի, որ հենց թուրքերն են շահագրգռված Ռուսաստանով։ Այդ ամենն անդրադառնում է նաև Սիրիայի վերաբերյալ 2017 թվականին ստեղծված «Աստանայի գործընթացի» ձևաչափում երկրների միջև փոխգործակցության վրա, որին միացել է Թուրքիան։ Չէ՞ որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ողջ «միջազգային  կոալիցիայից» Անկարային «զատելու» մտահղացումը հավասարաչափ պատկանում է Ռուսաստանին և Իրանին։ Թուրքիան այդ ձևաչափում պատասխանատվություն է կրում Իդլիբ նահանգում ապառազմականացման գոտու համար։ 2018թ. սեպտեմբերի 17-ին Պուտինը և Էրդողանը Սոչիում համաձայնության եկան և պայմանավորվեցին զինադադարի, Իդլիբում «ապառազմականացված գոտի» ստեղծելու և գրոհայիններին ու սպառազինությունն այնտեղից դուրս բերելու մասին։ Թուրքերը պարտավորվեցին ամեն ինչ կարգավորել մինչև հոկտեմբերի կես-նոյեմբերի 1-ը, բայց ակնհայտորեն ձախողեցին գործը, ինչը տեղիք տվեց Մոսկվայի և Թեհրանի հանդիմանանքին։ Իրավիճակը սկսեց նկատելիորեն փոխվել Սիրիայից ամերիկյան ուժերի հայտարարված դուրսբերման արդյունքում։

Իրավիճակի բացառիկությունն այն է, որ ամերիկացիների հետ Անկարայի հարաբերությունները թեև բարդ, հակասական բնույթ են կրում, բայց չեն ընդհատվում։ Վաշինգտոնը չի ընդառաջում թուրքերին՝ Սիրիայում քրդական կազմավորումներին ու շարժումներին աջակցելուց հրաժարման առումով, հակազդում է Եփրատի արևելյան ափին Թուրքիայի նախանշած ռազմական գործողությանը, իսկ վերջերս էլ հանդես է եկել Սիրիայում քրդերի և թուրք զինվորականների միջև ևս մեկ բուֆերային գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին առաջարկով։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի գնահատմամբ, ԱՄՆ-ը փաստացի հրաժարվում է համագործակցել Անկարայի հետ Մանբիջի հարցում և «վերացրել է սահմանագիծը Սիրիայում ահաբեկիչների և, այսպես կոչված, ընդդիմության միջև»։ Այստեղից էլ առաջանում է ԱՄՆ-ի մասնակցությամբ բուֆերային գոտի ստեղծելու գործընթացում Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցության հնարավորության կամ անհնարինության խնդիրը։ Նկատի ունենանք, որ Էրդողանը «Կոմերսանտ» ռուսաստանյան թերթում վերջերս հրապարակված իր հոդվածում հայտարարել է․ «Մենք մտադիր չենք որևէ մեկին հարցնել, թե ինչպես վարվենք ահաբեկիչների հետ, և մեզ իրավունք ենք վերապահում, երբ դրա համար հարմար պայմաններ առաջանան, հետապնդել ահաբեկիչներին, որոնք սպառնում են Թուրքիային սիրիական տարածքից»։

Հիշենք նաև, որ 2018թ. հունիսի 14-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդումն առ այն, որ իր զինվորականներն ու ամերիկացիները հունիսի 12-13-ին Շտուտգարտում կայացած բանակցություններում համաձայնեցրել են Մանբիջից Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) քրդական կազմավորումները դուրս բերելու հարցերով գործողությունների ծրագիրը։ Սիրիական այդ տարածաշրջանը մի քանի տարի շարունակ վեճի առարկա է Անկարայի և Վաշինգտոնի միջև։ ԱՄՆ-ում խոստացել էին, որ YPG-ի բոլոր մարտիկները, որոնք ամերիկացիների կողմից ներգրավվել են ահաբեկիչների դեմ գործողության մեջ, կլքեն քաղաքն ու կանցնեն Եփրատի արևելյան ափ՝ Մանջիբը գրոհայիններից ազատագրելուց հետո։ Բայց դա տեղի չունեցավ։ Այն քրդերը, որոնք շտապ մտել էին Սիրիական բանակի կազմ, դեպի Մանջիբ անցում բացեցին ռուսական ռազմական ոստիկանության համար։ Այժմ Թուրքիան, ըստ երևույթին, մտադիր է իրականացնել նախանշված գործողություններն այդ ուղղությամբ, բայց «միայն բարեկամների և դաշնակիցների հետ համագործակցության և համատեղ գործողությունների պայմանով», նկատի ունենալով, նախևառաջ, Ռուսաստանին։ Բայց այս դեպքում ամեն ինչ այդչափ դյուրին չէ։ Թուրքական «Yeni Çağ» պարբերականն արձանագրում է, որ Էրդողանն, այնուամենայնիվ, «չի շեղվում ԱՄՆ-ի ուղեգծից», համարելով, որ «տարածաշրջանը, որ կստեղծվի Եփրատի արևելքում այդ հողերի մաքրազտման գործողությունից հետո, կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ»։

Համացանցը լի է լուսանկարներով, որոնցից հետևում է, որ թուրքերն ու ամերիկացիներն առ այսօր համատեղ հսկողություն են իրականացնում նույնիսկ Մանբիջի արվարձաններում, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանի մի շարք հատվածներում։ Թուրքիայի այդօրինակ «ամենակերությունը» չի կարող «տևականորեն դուր գալ» Ռուսաստանին ու Իրանին, քանի որ նրանք պարտավորվել են լիովին վերականգնել Սիրիայի պետական ինքնիշխանությունն իր բոլոր նահանգների նկատմամբ։ Թուրքերն էլ երկմտում են՝ տեսնելով, որ Ռուսաստանն ու Իրանը «պահպանում են կամուրջները» նաև սիրիական քրդերի հետ հարաբերություններում։

Մանբիջից հետո Ռուսաստանն արդեն ցանկանում է գրոհել Թուրքիայի կողմից օկուպացված Էլ-Բաբը, և այդպես շարունակ, ընդհուպ մինչև Աֆրին և թուրք-սիրիական սահման։ Իսկ Իրանը, թեև համբերատար է, բայց արդեն չի թաքցնում, որ իրեն պետք են նախապես խոստացված 6 հենակետերն Իդլիբում. չէ՞ որ այդ նահանգում կային կամ նույնիսկ հիմա էլ կան շիայական բնակավայրեր։ Ահա թե ինչու են Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Պուտինն ու Էրդողանը մեծ ուշադրություն հատկացրել այդ խնդրին։ Ճիշտ է, կոնկրետ որոշում չի հրապարակվել, կողմերը պայմանավորվել են այն մասին, թե առաջիկայում ինչպես համակարգեն աշխատանքը համապատասխան գերատեսչությունների միջև, հստակեցրել են քրդերի ներկայացուցիչների հետ պաշտոնական Դամասկոսի երկխոսությունը կարգավորելու հնարավորությունները, նախանշել Սիրիայի հետբախումնային վերականգնման ուղղությամբ համատեղ ջանքերի գլխավոր ուրվագծերը և այդպես շարունակ։ Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի այդ փորձը կարող է կիրառվել նաև Իրաքում, բայց ոչ ավելին։ Ամփոփելով բանակցությունների արդյունքները, ՌԴ ղեկավարը նշել է, որ դրանք «օգտակար էին, արդյունավետ և, անկասկած, կնպաստեն ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ բարիդրացիության և միմյանց շահերի նկատմամբ հարգանքի սկզբունքների հիման վրա»։ Կարևոր է միշտ հիշել, որ դրանք զուտ ռուս-թուրքական գործեր չեն, կողքին մշտապես, թեկուզև անտեսանելի, ներկա է Իրանը, ինչը Ռուսաստանը երբեք չի ժխտել և չի ժխտում։ Հաշվի առնելով Էրդողանի և Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունները Վենեսուելայում տիրող իրավիճակի առնչությամբ, չի կարելի բացառել, որ Թուրքիայի նախագահը Պուտինի հետ հանդիպման ընթացքում պարտավորվել է նաև աջակցել այդ և համանման այլ հարցերի վերաբերյալ Մոսկվայի արտաքին քաղաքական հայտարարություններին։

Սերգեյ Շաքարյանց