Ովքեր կարող են անվճար օգտվել նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից

ՀՀ կառավարության այսօրվա՝ հունվարի 31-ի նիստում բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը և դրանցից օգտվող շահառուների քանակը ավելացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախատեսվում է փոփոխություն և լրացում կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ըստ որի, կկարգավորվեն առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները: Շահառուների ցանկի և ծառայությունների քանակի փոփոխությունները պայմանավորված են 2019 թ. պետբյուջեով «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմամբ:

Ցանկում ներառված են հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք, ձերբակալվածները, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածները:

Մասնավորապես՝ առաջարկվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից օգտվող նպաստառուների անապահովության միավորը 36 բալից իջեցնել 30,01 բալ: 2019 թ. պետբյուջեով նախատեսվում է նաև ավելացնել առողջապահության նախարարության միջոցով իրականացվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծախսերը. առաջարկվում է անվճար բժշկական օգնություն մատուցել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30,01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր նպաստառուներին:

Որոշմամբ առաջարկվում է նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաներին, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաներին, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպել անվճար՝ ներկայումս գործող համավճարային սկզբունքի փոխարեն: Բացի դրանից, առաջարկվում է ավելացնել նաև մատուցվող ծառայությունների հետևյալ տեսակները՝ մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, 18 տարեկանից բարձր անձանց կարիեսի բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի վերանորոգում և պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում ու տեղադրում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ):

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ամբողջ փաթեթը մոտավորապես կազմում է 3 մլրդ դրամ:

«Միջամտությունների գները մոտեցվել են շուկայական գներին,- ասել է նախարարը,- հետևաբար դա կնվազեցնի նաև անօրինական վճարումների ռիսկը»:

Արսեն Թորոսյանը հայտնել է նաև, որ իր հրամանով փետրվարի 1-ից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիրը` երկու բժշկական կենտրոններում։

«Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետական պատվերի շրջանակում՝ առանց հավելյալ վճարների,- նշել է նախարարը։- Դրանք մոտավորապես 1-4 միլիոն դրամանոց միջամտություններ են»։