Կկիրառվեն մետաղական հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն հունվարի 30-ին ընդունել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության փոխնախագահ Էդդի Րիչին և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրային: ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումները:

Փոխնախարար Քրմոյանը, գործընկերներին ներկայացնելով իրական սեփականատերերի բացահայտման նպատակով կիրառվող մեխանիզմների հնարավոր տարբերակները, ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը նախընտրել է գնալ առավել հավաստի տվյալներ հրապարակելու ճանապարհով, և նախատեսվող մեխանիզմի ներդրմամբ ոչ միայն հրապարակվելու են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում առկա սեփականատերերի տվյալները, այլև իրավաբանական անձի գրանցման ներկայացված տվյալների հավաստիությունը ստուգվելու է նախքան գրանցում իրականացնելը, ապա և նոր՝ հրապարակվելու:

Սուրեն Քրմոյանն ընդգծել է նաև, որ իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներն առաջին փուլում վերաբերելի են լինելու մետաղական հանքարդյունաբերական ընկերություններին, սակայն ստեղծվող իրական սեփականատերերի տվյալների շտեմարանն ունիվերսալ է լինելու և օրենքի հիման վրա կարող է ընդգրկել նաև այլ ոլորտներում գործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ:

Արձագանքելով փոխնախարարին, ԱՃԹՆ փոխնախագահ Էդդի Րիչը նշել է, որ այդպիսով Հայաստանը կունենա իրական սեփականատերերի բացահայտման լավագույն մեխանիզմներից մեկը տարածաշրջանում:

Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը ներկայացրել է նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորման, շահերի բախման հայտարարագրման, անանուն ազդարարման հարթակի և մի շարք այլ թվային գործիքների ընձեռած հնարավորությունների համակցմամբ իրական սեփականատերերի բացահայտման հարթակի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրան տեխնիկական և իրավական օգնության պատրաստակամություն է հայտնել իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքներին: