Ինչպես են նշում Ամանորը աշխարհի տարբեր երկրներում

Ամանորը զվարճալի և գունեղ տոն է, որը նշվում է ամբողջ աշխարհում, այս տոնը միշտ ուղեկցվում է համընդհանուր ուրախությամբ և բարությամբ: Ամանորի գալուստը նշելու ավանդույթը աշխարհի երկրների մշակույթի անբաժան մասն է, տոներն ուղեկցվում են առանձնահատուկ, հաճախ արտասովոր ավանդույթներով։ Ձեզ ենք ներկայացնում Ամանորի ամենահետաքրքիր տոնակատարությունները:

Չինաստան

Չինաստանում Ամանորը նշվում է ամեն տարի տարբեր ժամանակ:  2020 թվականը՝ Մետաղական առնետի /Металлической Крысы/ տարին, այդ երկիր կնշի հունվարի 25-ին։

Չինաստանը Ամանորի գալուստը նշում է շատ պայծառ. տեղի են ունենում հրավառություններ, վառվում են լապտերներ և անցկացվում են փառատոններ:

Պարտադիր է կարմիր գույնի առկայությունը հագուստի, տների և փողոցների զարդարանքներում:

Որպես կանոն, տոնական ճոխ սեղանին մատուցվում են ամենասիրված ուտեստները: Սեղանին պետք է լինեն միս և ձուկ, ինչպես նաև ավանդական պելեմեններ, որոնք պատրաստվում են ամբողջ ընտանիքի կողմից:

Թաիլանդ

Թաիլանդն Ամանորը նշում է ապրիլի 13-ին: Թաիլանդական Ամանորը /Songkran/ նշվում է հին հնդկական աստղագիտական օրացույցի համաձայն՝ անձրևոտ սեզոնի սկզբին: Թաիսները հյուրասիրում են բուդդայական վանականներին տոնական ուտեստներով: Բուդդայի արձանները լվանում են վարդի ծաղկաթերթերով և հասմիկով։ Այս օրերին դժվար է չոր մնալ։ Ջրային ատրճանակներից, ավազաններից ջուր են ցողում անցորդների վրա:

Հնդկաստան

Հնդկաստանում Ամանորը ավելի հաճախ է նշվում, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Հնդկաստանում կա 4 Նոր տարի, և երկրի տարբեր շրջաններում այն նշվում է տարբեր ժամանակներում։ Ոմանք այն սկսում են տոնել դեռևս մարտ ամսվա ընթացքում, մյուսները՝ ապրիլի կեսին, իսկ մյուսները՝ աշնանը:

Տոնածառի դերը կատարում է մանգոյի ծառը, որը զարդարում են մրգերով և բանջարեղեններով, սեղանին դրվում են առավել կծու ուտեստներ: Ենթադրվում է, որ որքան կծու է ուտեստը, այնքան ավելի հաջողակ կլինի հաջորդ տարին։

Իսրայել

Իսրայելում Ամանորը նույնպես նշվում է ամբողջ աշխարհից առանձին, մասնավորապես՝ աշնանը:

Հրեական Ամանորը՝ Ռոշ Հասանան, սկսվում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին: Տոնակատարության ընթացքում նախատեսվում է մեղրով խնձոր ուտել, որպեսզի գալիք տարին լինի քաղցր և հաջող:

Հրեաները հավատում են, որ այս օրը դրախտում որոշվում է, թե ով է ապրելու բարեկեցության կամ աղքատության մեջ, և ում է վիճակված մահանալ:

Իտալիա

Ամանորի սկիզբը Իտալիան նշում է հունվարի 1-ի գիշերը: Մարդիկ դուրս են գալիս շքեղորեն զարդարված փողոցներ, երթևեկությունն արգելափակվում է, իսկ հրապարակներում կազմակերպվում են ներկայացումներ և հրավառություն:

Ամանորին իտալացիները պատուհաններից դուրս են նետում ավելորդ և հին իրերը: Իհարկե այն հույսով, որ դրանց տեղը կգրավեն նոր և անհրաժեշտ իրեր:

Հռոմում գոյություն ունի տոնական գիշերը կամրջից դեպի Թիբր գետը ցատկելու ավանդույթը՝ հաջողություն ունենալու համար: Իսկ Վենետիկում գոյություն ունի երեկոյան համբուրվելու սովորույթը: Սուրբ Մարկոսի հրապարակը լցվում է հրավառության ներքո համբուրվող հարյուրավոր զույգերով:

Երեխաների համար այս տոնակատարությունն իսկական հրաշք է: Ըստ լեգենդի ՝ Ամանորի նախօրեին Բեֆանա անունով փերին մտնում է յուրաքանչյուր տուն՝ բացելով դուռը ոսկե բանալինով և նվերներ է լցնում բուխարու մոտ կախված գուլպաների մեջ:

Իսպանիա

Իսպանացիները Ամանորը չեն նշում իրենց ընտանիքների հետ, ինչպես Սուրբ ծննդյան օրը: Տոնածառ նույնպես չեն զարդարում, և նվերները դնում են Սուրբ ծննդյան ծաղկի՝ սինցետտիայի տակ: Կեսգիշերին իսպանացիները գնում են հրապարակ և տոնախմբություններ են կազմակերպում:

Համաձայն իսպանական հինավուրց ավանդույթի՝ Ամանորի նախօրեին յուրաքանչյուր մարդ հաջողության համար պետք է ուտի խաղողի 12 հատիկ: 12 թիվը խորհրդանշում է տարվա տասներկու ամիսները: Կարելի է ասել, որ իսպանացիները նոր տարի են մտնում լի բերանով: Խորհրդատվություն սկսնակների համար. ընտրեք ավելի փոքր խաղող, որպեսզի պատահաբար չխեղդվեք:

Ֆինլանդիա

Ամանորյա նվերներ Ֆինլանդիայում սովորաբար չեն տալիս, քանի որ բոլոր նվերները տրվում է Սուրբ ծննդյան տոնին: Սովորաբար տոնը նշվում է ընտանիքի հետ և բավականին համեստ, քանի որ ֆինլանդացիների աշխատանքային օրը սկսվում է հունվարի 2-ին:

Բացի դրանից, Ֆինլանդիայում կա մի ավանդույթ. համաձայն որի՝ ով շուտ է արթնանում Ամանորի առաջին օրը, ապա կլինի եռանդուն ամբողջ տարվա ընթացքում: