Ուզբեկստանը ճանաչվել է «Տարվա երկիր»՝ ըստ «The Economist»-ի

«The Economist» ամսագիրը ամենամյա անվանակարգում «Տարվա երկիր»  է ճանաչել Ուզբեկստանը՝ որպես բարեփոխումների շնորհիվ ամենամեծ առաջընթաց ունեցած պետություն: Այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի օրը՝ հրատարակչության կայքում:

«Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը  սկսել է իրականացնել բարեփոխումներ, որոնք թափ են հավաքել անցած տարում: Նրա կառավարությունը հիմնականում դադարեցրել է հարկադիր աշխատանքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ուզբեկստանի նոր իշխանությունների հիմնական ձեռքբերումների թվում հրատարակչությունը նշում է պատիժների կատարման համար մասնագիտացված գաղութի՝ «Ժասլիկի» լուծարումը, ինչպես նաև օտարերկրյա լրագրողների մուտքի թույլատրումը երկիր: Նաև նշվում է կաշառք ստանալու նպատակով  փոքր բիզնեսի վրա ճնշման թուլացումը, սահմանի բացումը, որը թույլ է տվել Կենտրոնական Ասիայի տարբեր երկրներում բնակվող ընտանիքների անդամներին վերամիավորվել: Ամսագիրը շեշտում է նաև օտարերկրյա մասնագետների հրավերը Ուզբեկստան` ազգային տնտեսությանն աջակցելու համար:

Ինչպես հաղորդում է «The Economist»-ը՝ Ուզբեկստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, սակայն 2019 թվականին ոչ մի այլ երկիր այսքան առաջընթաց չի գրանցել: Ի թիվս այլ պետությունների՝ հրատարակչության անցնող տարվա վարկանշային ցուցակում ներառվել են նաև Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սուդանը:

Վերլուծաբանների մեծամասնության կարծիքով Ուզբեկստանում լուրջ բարեփոխումներ սկսվեցին հանրապետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո, երբ 2016 թվականին Միրզիյոևն անցավ իշխանության գլուխ։ Նախագահն սկսեց իրականացնել մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են սոցիալական ոլորտում նախագծերի մշակմանը և երկրի տնտեսության աշխուժացմանը: Այդ նպատակով ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնավոր հատվածին օժանդակելու, ձեռներեցության զարգացման և մասնավորեցման խթանման համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նորարարությանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: