Նման արարքի համար չկա որևէ արդարացում. Արսեն Թորոսյանը՝ բժշկի հանդեպ բռնարարք կատարելու մասին

Չկա որևէ արդարացում նման արարքի։ Ցանկացած բռնության դեպք, ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի է լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հավելելով․«Կոչ եմ անում իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց»։

Ինչպես տեղեկացրել են «Արաբկիր» բժշկական համալիրից, դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:

Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի եւ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:

Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ «Արաբկիր» Բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։

Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն: