Անիտան, նույն ինքը՝ լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը (տեսանյութ)

2019թ․նոյեմբերի 25-ին 93 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։

Հայազգի հետախույզ, օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա», Գոհար Վարդանյանը՝ նշանավոր հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը, ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1930 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Իրան։ 16 տարեկանում անդամագրվում իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի հետախուզական խմբին, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների եւ գերմանացի հետախույզների բացահայտմամբ: Նրա խումբը 1943 թ. կանխել է  «Մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ իրականացվելիք մահափորձը, որը ծրագրել էր գերմանական հետախուզությունը։ Մահափորձը ծրագրավորված էր իրականացնել Ուինսթոն Չերչիլի ծննդյան տարեդարձին։

Իրանում աշխատելու տարիներին Վարդանյանին ու նրա խմբին հաջողվեց մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալների։ Հանրությանը հայտնի է դարձել Վարդանյանի գործունեության միայն մեկ դրվագը՝ «թեհրանյանը»։ «Այն ամենը, ինչ կյանքում արել ենք կնոջս հետ, եղել է հօգուտ Հայրենիքի։ «Թեհրան- 43»-ն իմ կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկն էր: Հետախույզի կյանքը շատ հետաքրքիր է, գրավիչ և ռոմանտիկ, թեև կապված է ռիսկի հետ։ Իմ կինն ու ես երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճակվել ապրել նման հագեցած կյանքով»,-հարցազրույցներից մեկում նշել է Գևորգ Վարդանյանը։ «Թեհրան-43» ֆիլմի առանցքում հենց այդ՝ իրանական իրադարձություններն են։

Գոհար և Գևորգ Վարդանյանների մասին մի շարք վավերագրական ֆիլմեր են նկարահանվել Մոսկվայում:

1946 թվականին Գոհարն ամուսնանում է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։

1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Ամիր» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա աշխատել են տարբեր երկրներում:

Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին նրանք վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։

Մոսկվայի Ռուսական պատմական միության տանը, փետրվարին բացված «ռուսական արտաքին հետախուզության պատմության ոսկե էջերը» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում, ներկայացվել են նաև Լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների դիմանկարները։