Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, Հ. Ալումյանի մասով Փաստաբանական պալատի նախագահը մերժել է վարույթի հարուցումը

ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել են փաստաբաններ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը։

Հայկ Ալումյանի մասով Փաստաբանների պալատի նախագահը որոշել է կարգապահական վարույթ հարուցելը մերժել:

Ռուբեն Սահակյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը որոշել է Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 ենթակետի խախտման հատկանիշներով:

Կարգապահական վարույթը հարուցվել է փաստաբան Ռուբեն Սահակյանի կողմից դատավոր Աննա Դանիբեկյանի հասցեին առերևույթ զսպվածությունը և բարեկրթությունը սահմանազանցող արտահայտություններով փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարելու վարքագիծը ստուգելու նպատակով:

Փաստաբանների պալատը հարկ է համարում արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

Հ.Գ. Փաստաբանների պալատը տեղեկացնում է նաև, որ դեռևս 25.10.2019թ. փաստաբաններ Հայկ Ալումյանը, Ռուբեն Սահակյանը, Արամ, Օրբելյանը, Արամ Վարդևանյանը և Հովհաննես Խուդոյանը դիմել են ՀՀ փաստաբանների պալատին, Մարդու իրավունքների պաշտպանին, բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատական դեպարտամենտին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով իրենց պաշտպանության ժամանակ քաղաքացիները վիրավորական արտահայտություններ չկատարեն կամ ոստիկանությունն արձագանքի այդ քաղաքացիների գործողություններին:

Փաստաբանների պալատը նշված դիմումի հիման վրա, 30.10.2019թ. գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ խնդրելով գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքացիների կողմից փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու և զրպարտելու վարքագիծը կանխելու կապակցությամբ:

Փաստաբանների պալատը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին՝ ՀՀ քրեական օրենսգիրքը՝ «Փաստաբանին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելը» հանցակազմով լրացնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկության իրագործման խնդրանքով: