Ռուսաստանը և Իրանը 2015-16 թթ․ ուզո՞ւմ էին «դաս տալ» Թուրքիային

Նոյեմբերը հետաքրքիր ժամանակաշրջան է: Ռուսաստանի հայտնի քաղաքական և հասարակական գործիչ Կոնստանտին Զատուլինը հանկարծ նախազգուշացնում է ամբողջ աշխարհին, որ եթե ինչ-որ մեկը ոտնձգություն կատարի Հայաստանի վրա, ապա Ռուսաստանից պատասխան «կստանա» օրենքի «ամենայն խստությամբ»՝ այդ թվում ԱՊՀ ՀԱՊԿ դաշինքի կանոնակարգի համաձայն: Հասկանալի է, որ նա նկատի ուներ մեր տարածքի գնդակոծումը Ադրբեջանի կողմից. փառք Աստծո, առայժմ Թուրքիայից մեր տարածքները չեն գնդակոծում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում իր հայտարարությունների շարանով նույնիսկ խուճապ առաջացրեց Բաքվում։ Գնահատեք ադրբեջանական ԶԼՄ-ների վերնագրերից մեկը. Լավրովն «անջատողականների» կո՞ղմ է անցել։ Մեր թշնամիները «անջատողականներ» են անվանում Արցախի հայությանը, չնայած Արցախի հանրապետության բնակչությունը երբեք անջատողական չի եղել. Արցախը ԽՍՀՄ փլուզումից հետո երբևէ չի եղել Ադրբեջանի կազմում:

Եվ ահա նոր, «տարօրինակ» խոստովանություններ: Այս անգամ` Nordic Monitor ինտերնետային ռեսուրսից։ Այս կայքի հեղինակները վկայակոչելով թուրքական հետախուզական փաստաթուղթը՝ համոզում են, որ հավանականություն կա, որ ռուսները ուզում էին ռմբակոծել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պալատն այն բանից հետո, երբ 2015-ի նոյեմբերի 24-ին թուրքական F-16- ը Սիրիայի երկնքում խոցել է ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Համաձայն Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ազդանշանների հետախուզման վարչության (MIT SIB) կողմից ստացված հաղորդագրության՝ ռուսները պլանավորում էին թռիչքներ իրականացնել մարտական ​​ինքնաթիռներով՝ սովորականից ավելի ծանր բեռնավորմամբ։ Դրա մասին վկայում է 2015-ի դեկտեմբերի 3-ին անանուն սիրիացի բրիգադի գեներալի և մեկ այլ անձի միջև տեղի ունեցած զրույցը: Մասնավորապես, կողմերը խոսում էին 2015-ի դեկտեմբերի 30-ին սպասվող ռուս գեներալի (ոմն Սերգեյ) և Սիրիայի կառավարական ուժերի մեկ այլ չբացահայտված սպայի միջև կայանալիք հանդիպման մասին: Հանդիպումը պետք է տեղի ունենար «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայում: Քննարկման թեման պետք է լիներ ռուսական Սու-22 և Սու-34 ռազմական ինքնաթիռների բեռնումը ավելի ծանր օգտակար բեռով: Կողմերը ակնարկել են Անկարայում գտնվող Էրդողանի հոյակապ պալատի վրա հնարավոր հարձակման մասին` ռուսների հավանական մասնակցությամբ, ովքեր զայրացած էին նրանով, որ թուրքերը խոցել են ռուսական ռազմական ինքնաթիռը:

Սրանք արդեն 4 տարի առաջվա իրադարձություններ են: Բայց վերհիշենք որոշ բաներ: Ռուսաստանի Սու-24-ի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը ենթարկվել է հարձակման սիրիական օդային տարածքում գտնվելու ընթացքում, և որ Անկարան ստում է՝ նախազգուշացնելով Թուրքիային «լուրջ հետևանքների» մասին: Սակայն Էրդողանը, ի սկզբանե սատարելով իր զորքերի հայտարարություններին, հանկարծ 2016-ի հունվարին սկսեց կապեր որոնել Մոսկվայում, ինչպես նաև Թեհրանում: Ռուսաստանն ու Իրանը «լռում էին», չնայած, իհարկե, շարունակվում էին անդրկուլիսյան շփումները Գլխավոր շտաբի և հետախուզական ծառայությունների միջև: Դրանից հետո Ադրբեջանը անխոհեմաբար հարձակվել է Արցախի Հանրապետության վրա: 2016 թվականի ապրիլի վերջին, այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, Իրանի ԻՀՊԿ նախկին հրամանատար, գեներալ-մայոր Եհիա Ռահիմ Սաֆևին կոշտ նախազգուշացրել է Թուրքիային, որ եթե Անկարան շարունակի պատերազմ հրահրել տարածաշրջանում, Իրանն անմիջապես կվերանայի Թուրքիայի հետ հարաբերությունները «բոլոր ուղղություններով»: Եվ Էրդողանն անմիջապես «հանդարտվեց»՝ պաշտոնանկ անելով (2016 թ. մայիսի 22) վարչապետ և նեոօսմանիզմի «հայր» Ահմեդ Դավութօղլուին: Ես ուզում եմ հիշեցնել, որ հրապարակումներում, այդ թվում նաև այդ տարիների թուրքական ԶԼՄ-ներում, վկայակոչվում էր Դավութօղլուի հայտարարությունը, որ Թուրքիայի Զինված ուժերը գործել են Թուրքիայի վարչապետի անմիջական հրամանով (տես, օրինակ, 2015 թ. նոյեմբերի 25-ին՝ թուրքական «Zaman» թերթը․ «Davutoğlu: Uçağın vurulması emrini bizzat ben verdim»)։

Սա ոչ հին պատմություն է, բայց հատկանշական է այն, որ Nordic Monitor կայքը այժմ «տեղեկատվության արտահոսք» է կազմակերպել, երբ Իրանը և Ռուսաստանը կրկին «կարծիքների տարաձայնություն» ունեցան Թուրքիայի հետ Սիրիայի շուրջ, մասնավորապես՝ Իդլիբ նահանգի շուրջ և Հյուսիսային Սիրիայի մի շարք տարածքների թուրքական օկուպացման հետ կապված: Արդյո՞ք սա նշանակում է, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստ են կրկին կոշտ ձևերով «ազդել» Էրդողանի վրա․ դժվար թե հիմա պարզենք: «Nordic Monitor» կայքում նկարագրածից  կարող ենք միայն հասկանալ, որ ռուս-թուրքական իրական հարաբերությունների մասին հաջորդ «տեղեկատվական արտահոսքը» կարելի է սպասել 3 տարի անց, այսինքն` 2022 թվականին:

Եվ ի վերջո, արդյո՞ք Պուտինը ցանկանում էր ռմբակոծել Էրդողանի պալատը․․․

Սերգեյ Շաքարյանց