Կիևը հերթական սադրիչ անցումն է նախապատրաստում Կերչի նեղուցով

Ուկրաինան նախապատրաստում է իր ռազմական նավերի հերթական անցումը Կերչի նեղուցով, քանի որ, ըստ պաշտոնական Կիևի, «Ազովի ծովն ուկրաինական է»։ Ինչպես հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ստեպան Պոլտորակը։

«Մեր ռազմանավերի անցման երկրորդ փորձը ռուսաստանցիներն օգտագործեցին սադրանք կազմակերպելու համար,- ասել է Ստեպան Պոլտորակը։- Բայց վստահեցնում եմ՝ այդպիսի անցումներ կկազմակերպենք նաև հետագայում։ Կլինեն և՛ քսաներորդ, և՛ հարյուրերորդ անցումները, և՛ մշտապես, քանի որ Ազովի ծովը նույնպես ուկրաինական է, իսկ Մարիուպոլն ու Բերդյանսկը մեր նավահանգիստներն են, որտեղ գործում է տնտեսության զգալի մասը։ Մենք չենք հրաժարվի Կերչի նեղուցով ազատ անցնելու մեր իրավունքից՝ այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ կլինի։ Հուսով եմ, որ աշխարհի մեր գործընկերներին կհաջողվի համոզել Ռուսաստանին միջազգային համաձայնությունների կատարման անհրաժեշտության հարցում»։

Նա տեղեկացրել է նաև, որ Ուկրաինան գործարկում է «Օլխա» համազարկային կրակի հրթիռային համակարգի սերիական արտադրությունը։

«Դեկտեմբերին մենք ստացանք լրացուցիչ ռեսուրս՝ չորս մլրդ գրիվնա (141 մլն դոլար), ՍՌՏ-ի (սպառազինություն և ռազմական տեխնիկա) նոր նմուշներ գնելու համար,- տեղեկացրել է Պոլտորակը։- Արդեն սկսում ենք «Օլխա» հրթիռային համալիրի սերիական արտադրությունը։ Շարունակվում են փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքները բազմաթիվ այլ նախագծերում, որոնք զգալիորեն կբարձրացնեն մեր կարողությունները»։

«Օլխա» ՀԿՀՀ-ն ստեղծվել է խորհրդային «Ուրագան» ՀԿՀՀ-ի հիման վրա։ Այն սպառազինված է 300 մմ տրամաչափի կառավարելի հրթիռով։ Հրթիռային համակարգի հեռահարությունը 120 կմ է։

Ինչպես հաղորդել  է REGNUM լրատվական գործակալությունը, հունվարի 10-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է, որ 2020 թվականին Ուկրաինայի զինված ուժերն անցած կլինի ՆԱՏՕ-ի չափանիշներին։

«2020 թվականին Ուկրաինայի զինված ուժերը կազմակերպված և լիովին ընդունակ կլինի գործել ՆԱՏՕ-ի չափանիշերով, համաձայն «Ազգային անվտանգության մասին» օրենքի,- ասել է Պորոշենկոն։- Մենք թույլ չենք տա օկուպացնել ո՛չ Ազովի ծովը, ո՛չ էլ Կերչի նեղուցը․․․ Ագրեսիայի համար Կրեմլը բարձր գին կվճարի։ Կգա մի օր, երբ այդ գինը հաստատ անտանելի կդառնա Կրեմլի համար։ Եվ մենք կվերադարձնենք և՛ Ղրիմը, և՛ Դոնբասի օկուպացված մասը։ Կվերադարձնենք, եթե պահպանենք մեր միասնականությունը, պահպանենք պետականությունը, պահպանենք հավատը սեփական ուժերի նկատմամբ և պահպանենք եվրոպական ուղեգիծը»։