ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը Արմավիրում Նժդեհի հուշատախտակի հետ կապված միջադեպի մասին

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը խոր վրդովմունք է հայտնել Ռուսաստանի Արմավիր քաղաքում կատարված միջադեպի առնչությամբ, երբ պատգամավորներից մեկը ներկել էր հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը՝ նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին:

Դեսպանության հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) Քաղաքային դումայի պատգամավոր Ա. Վինոգրադովի գործողությունները դիտարկում ենք որպես վանդալիզմի դրսևորում Հայ առաքելական եկեղեցու տարածքում, ինչը հակասում է սահմանված օրինական կարգին:

Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել միջազգային լարվածության:

Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների շրջանում:

Դեսպանությունը սահմանված կարգով տեղյակ կպահի համապատասխան ռուսական մարմիններին հայկական տաճարի տարածքում կատարվածի մասին:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում Արմավիր քաղաքի իշխանություններին համապատասխան գնահատական տալ կատարվածին:

Կատարվածը կլինի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում: Դեսպանության ներկայացուցիչները մշտապես կապ են պահպանում համայնքի և ՌԴ համապատասխան մարմինների հետ»:

Նշենք, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին: Նրա խոսքով՝ նոյեմբերի 11-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում Քաղաքային դուման խոստացել էր ապամոնտաժել հուշատախտակը: