Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն այժմ նոր փուլում է գտնվում, նոյեմբերի 1-ին դուրս են գալու բողոքի

Սուրբ դաշինքը զգուշացնում է Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարությանը և Հայաստան ժամանած նշված քարտուղարության պատվիրակությանը

Փաշինյանական իշխանության կողմից դեռևս այս տարվա գարնանից օրակարգ բերված Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն այժմ նոր փուլում է գտնվում՝ Եվրոպայի խորհրդի կազմում գործող Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության պատվիրակության հետ վաղը ՀՀ Ազգային ժողովում նախատեսվող քննարկումների փուլում, ինչը տեղիք է տվել ազգային արժեքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների զայրույթին ու բողոքին։

Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող և Եվրոպայի խորհրդի կազմում գործող Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդին և քարտուղարության անդամները վաղը` նոյեմբերի 1-ին, կլինեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Նշված եվրոչինովնիկների նպատակն է հանդիպել Ազգային ժողովի պետիրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամների հետ ու համատեղ քննարկել «Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ հայ հասարակության մեջ կարծրատիպերը և տաբուները կոտրելու» հարցը:

Նշելով այս մասին, Սուրբ դաշինքը հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, հանուն հայ ազգի փրկության ու հաղթանակի, հանուն հայ ազգի զավակների ապագայի, այսօր հանդես է եկել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակով եվրոչինովնիկների այցելության վերաբերյալ ուղերձով, որում մասնավորապես նշված է․

«Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող և Եվրոպայի խորհրդի կազմում գործող Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդին և քարտուղարության անդամները վաղը` նոյեմբերի 1-ին, կլինեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Նշված եվրոչինովնիկների նպատակն է հանդիպել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ ու համատեղ քննարկել «Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ հայ հասարակության մեջ կարծրատիպերը և տաբուները կոտրելու» հարցը:

Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահը և անդամները ժամանել են Հայաստանի Հանրապետություն` արվամոլների, լեսբուհիների, տրանսվեստիտների և ուրիշ այլասերվածների համար լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը մեր երկրում հասնելու համար քննարկումներ անցկացնելու նպատակով, ինչը մենք համարում ենք անթույլատրելի ու խստորեն դատապարտում ենք, ինչպես և դատապարտում ենք Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իրականությունը Հայաստանի հասարակությունից թաքցնելու Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և մի շարք պատգամավորների քաղաքականությունը, հանրային կարծիքը մոլորեցնելու նրանց ջանքերն ու փորձերը:

Սուրբ դաշինքի անունից Ազգային ժողովի վերոնշյալ հանձնաժողովի անդամներին ու նախագահներին կոչ ենք անում չենթարկվել ներքին և արտաքին ցանկացած ճնշման, եթե այդպիսիք կան, բոլոր դեպքերում հրաժարվել Եվրոպայի խորհրդի կազմում գործող Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահի և անդամների հետ հանդիպումից ու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առնչությամբ ցանկացած քննարկումից, բոյկոտել դրանք ու նրանց շատ պարզորոշ հասկացնել, որ աշխարհում քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկրում ու քրիստոնեության միջնաբերդ Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ուղղակի բացառված է:

Նույն օրը` նոյեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարական նախաձեռնությունն Ազգային ժողովի դիմաց որոշել է իրականացնել բողոքի ցույց` ընդդեմ Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների վերոնշյալ նպատակադրման: Դարձյալ նույն օրը, ժամը 15:00-ին «Ազատագրում» շարժումը Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց (ք. Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 26/1, «ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ» Բիզնես կենտրոն) «Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» կարգախոսով կազմակերպում է հրատապ պիկետ:

Բողոքի վերոնշյալ միջոցառումների մասին թեկուզ վերջին պահին տեղեկացած բոլոր քրիստոնյաները, բոլոր հայերը, այլասերումն ու պղծությունը մերժող, հայերիս ազգային ու հոգևոր արժեքների նկատմամբ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ իրականացվող ոտնձգությանը դեմ բոլոր մարդիկ` անկախ իրենց քաղաքական հայացքներից և կողմնորոշումից, անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, կարծում ենք, ինքնաբուխ կերպով կմասնակցեն վերոնշյալ միջոցառումներին: Մեր բոլոր համակիրներին ու հետևորդներին, ինչպես նաև բոլոր արժանապատիվ մարդկանց կոչ ենք անում սատարել «Կամք» նախաձեռնությանը և «Ազատագրում» շարժմանը:

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը և այլ հեղինակավոր անձինք Ստամբուլյան կոնվենցիան համարել են հակասահմանադրական, մի շարք առումներով վտանգավոր և անընդունելի, դեմ արտահայտվել մեր երկրում նշված կոնվենցիայի վավերացմանը:

Չբացառելով Եվրոպայի խորհրդի կազմում գործող Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության կողմից Ազգային ժողովի վերոնշյալ հանձնաժողովների և Ազգային ժողովի վրա ուղղակի կամ անուղղակի որևէ ճնշում` Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը հասնելու նպատակով, զգուշացնում ենք Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարությանը և Հայաստան ժամանած նշված քարտուղարության պատվիրակությանը, որ այդպիսի փաստի հայտնի դառնալու դեպքում իրենք հաջորդ անգամ Հայաստան այցելելուց առաջ կարիք կունենան շատ երկար մտածելու, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի եթե ոչ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ապա հայ ազգը մեր երկրում նրանց, շատ մեղմ ասած, պերսոնա նոն գրադա (անցանկալի անձ) հայտարարի` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Ավարայրն ավարտված չէ, մարտահրավերները շատ են, կոչ ենք անում միաբան լինել ու միանալ հանուն Աստծու ու մեր հայրենիքի մղվող սրբազան պայքարին»:

Բացի ուղերձից, Սուրբ Դաշինքը հոկտեմբերի 31-ին հանդես է եկել նաև հիշեցում- հայտարարությամբ, որում անհրաժեշտաբար մեջբերված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդում 2018 թ. նոյեմբերի 1-ին ծավալված քննարկումների ընթացքում Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը.

«Մեր քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի և պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը: Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երևույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է՝ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպը իբրև մարդկային բնության խեղում…»:

Կազմակերպությունն իր հիշյալ հայտարարության մեջ Ազգային ժողովի պատգամավորներին ու մեր հանրությանը խնդրել է նկատի ունենալ նաև 2013 թ. դեկտեմբերի 7-ին Երևանում, Կինոյի տանը կայացած «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» համաժողովում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից հրապարակված ողջույնի ընդարձակ խոսքը, որում մասնավորապես ասված է.

«Մեր պատմության մեջ քիչ չեն եղել դժվարությունները, բայց եղել է նաև կամք՝ հաղթահարելու դրանք և շարժվելու առաջ…Մերազնյա յուրաքանչյուր քաղաքացու բախտն ու ճակատագիրը կարևոր են մեզ համար, դրա ապացույցն է Հայոց Եկեղեցու 1700-ամյա ուղին, որն անբաժանելի է հայ ժողովրդի անցած մաքառումով հարուստ պատմությունից: Հայոց Եկեղեցու գերակա առաքելությունը եղել է և է հայի ինքնության անաղարտ պահպանումը, սա բոլոր ժամանակներում քաջ գիտակցել է թշնամին և իր նպատակին հասնելու համար առաջին հարվածը հենց Եկեղեցուն է փորձել հասցնել: Դեռևս Ե դարում պարսից Հազկերտ Բ-ն ջանք չէր խնայում հավատափոխ անելու հայ ժողովրդին, քանի որ հասկանում էր, որ միայն այդ ճանապարհով կարող է նվաճել և ձուլել: Սակայն հայ իշխանները բոլոր ժամանակների համար փայլուն կերպով բանաձևեցին մեր պայքարի ուղին, ընտրելով առհավետ հավատարիմ մնալ «Մահ իմացեալ անմահութիւն» գաղափարին: Հայ եկեղեցու քարոզը այսօր ևս տարբեր չէ, Ավարայրի քարոզից, այն նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան:

Ամեն հայորդու առաջընթաց և հաջողություն մեծ ուրախություն և ոգևորություն է, իսկ ցանկացած ձախողում՝ վիշտ և չսպիացող վերք Մեր սրտին, որովհետև չկա Հայ առաքելական եկեղեցի առանց հայ ժողովրդի, չկա հայ ժողովուրդ՝ առանց Հայ առաքելական եկեղեցու: Նույն կերպ չկա և չի կարող լինել նաև հայ ժողովուրդ, որ հեռանում է իր արմատներից, մոռանում է իր նախնիների ավանդներն ու ավանդույթները, կրկնօրինակում ու յուրացնում է ուրիշինը, իսկ իրականում խաբվում է օտարին ու խորթին:

Կարիք չենք տեսնում վերլուծելու կամ դիտարկելու անառողջ և հիվանդ երևակայության ծնունդ հանդիսացող, և մերթ մեր քաղաքացիներին պարտադրվող, մերթ թաքուն և գաղտնաբար «ներարկվող» չակերտյալ «հավասարությունները», «առաջադեմ գաղափարները», օտարախորթ վարք ու բարքը, որ հրամցվում են իբրև «նոր և ազատամիտ», սակայն իրականում հին են, այնքան հին, որքան ինքը՝ անկյալ հրեշտակ Բելիարը: Դեռևս ԺԴ դարասկզբին կեղծ լուսավորության, կեղծ առաջադիմության, կեղծ ազատության մասին Սյունյաց արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանը գրում էր. «Թողե՛ք մեզ մեր «ստրուկ գերության» մեջ, իսկ մենք կանք և կմնանք աչքներս հառած երկնային այցելությանը… մենք պատրաստ ենք տանջանքների, աքսորի և բանտարկության, և ցանկացած դաժան մահով վախճանվելու հանուն մեր սուրբ նախնիների ավանդների»: Եվ դժվար թե հարկ կա որևէ բան ավելացնելու Օրբելյանի խոսքերին: Եթե մեր գիտակցության մեջ դեռ արթուն են մեր ազատատենչ անցյալի հիշողությունը, աննկուն կամքն ու անարդարության դեմ ընդվզող ոգին, ապա ոչ մի որոգայթ կամ խոչընդոտ ի զորու չեն լինի դանդաղեցնելու կամ շեղելու մեր ընթացքը: Թվացյալ ժողովրդավարություն և ազատություն խոստացող կեղծ մարգարեներն իրականում եկել են ոչ թե մեզ ազատագրելու, այլ ստրկացնելու. նրանք ուզում են զրկել մեզ մեր ինքնությունից, խեղաթյուրել մեզանում հայկականը»:

Արթուր Հովհաննիսյան