Կարծես թե ԵԱՀԿ-ն սկսում է «խելք հավաքել», ԵԱՀԿ-ին խելոքություն ցանկանանք նաև Արցախի հարցում

Այս օրերին պատահեց անհավանականը. «Salzburg Europe Summit» միջազգային ֆորումի ընթացքում, որը կազմակերպվել էր Եվրոպայի Ռեգիոնների Ինստիտուտի կողմից (IRE), որը տեղի է ունեցել Զալցբուրգում հոկտեմբերի 6-8-ը, Ուկրաինայում ԵԱՀԿ նախագահի և Դոնբասում կարգավորման եռակողմ շփման խմբի հատուկ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը հայտարարել է. «Ղրիմը պատմականորեն պատկանել է Ռուսաստանի Դաշնությանը ԽՍՀՄ կազմում, իսկ մինչ այդ` Ռուսաստանի կայսրության մասն էր»: Թվում էր, թե ոչ մի զարմանալի բան չկա, պարզապես մարդը չի ալարել և նայել է Ղրիմի պատմությունը: Առաջարկում եմ ծանոթանալ Սայդիկի հայտարարության որոշ մանրամասներին:

Հոկտեմբեր 7-ին, գիտաժողովի նիստերից մեկը նվիրված էր ուկրաինական խնդրին և կոչվում էր «Ուկրաինա՝ խաղաղ կարգավորման շանսերը», ինչի վերաբերյալ Մարտին Սայդիկը հանդես եկավ զեկույցով: Հաջորդող քննարկման ընթացքում նրան խնդրեցին մեկնաբանել՝ արդյո՞ք սխալ չէր Ռուսաստանի կողմից ընտրություններ անցկացնել «Ուկրաինայի օկուպացված տարածքներում»՝ 2014 թվականին Ղրիմում հանրաքվեի հետ միաժամանակ։ Սայդիկը հրաժարվեց պատասխանել այս սադրիչ հարցին՝ ասելով, որ չի մեկնաբանում Ղրիմի թեման. «Խնդրում եմ, հասկացեք, որ ես դիրքորոշում չեմ հայտնում Ղրիմի թեմայի վերաբերյալ, քանի որ ես հատուկ ներկայացուցիչ եմ, և իմ պատասխանատվության ոլորտը Դոնբասն է: Հետևաբար, ես պետք է զգույշ լինեմ Ղրիմի թեմայի շուրջ խոսելու հարցում: Երբ ես թոշակի անցնեմ, լինեմ, այսպես ասած, ազատ մարդ, այդ դեպքում արդեն կկարողանամ մեկնաբանել Ղրիմի թեման»: Սակայն, այնուհետև նա կրկին խոսք վերցրեց՝ Ղրիմի հարցում «օբյեկտիվություն» ավելացնելու համար: Մասնավորապես, Սայդիկը ասաց, չնայած և չի խոսում Ղրիմի մասին, բայց ներկաները պետք է իմանան, որ խորհրդային տարիներին թերակղզին մոտ 30 տարի գտնվում էր «ՌԴ կազմում», այնուհետև՝ 37 տարի՝ 1954-1991 թվականները՝ Ուկրաինայի ԽՍՀ կազմում, իսկ «դրանից առաջ Ռուսական կայսրությունն էր»:

Ֆորումին ներկա Ավստրիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Սչերբան տարակուսանք հայտնեց ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի այդպիսի դիրքորոշման վերաբերյալ: «Ես զարմացած էի, որ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը չի կարողացել որևէ բան ասել Ղրիմի աննեկսիայի մասին, բացառությամբ հարցի նախապատմությանը: Հուսով եմ, որ նա պարզապես բավարար ժամանակ չի ունեցել լիարժեք պատասխան տալու համար», – հայտարարել է ուկրաինացի դիվանագետը: Վերջին հայտարարությունը բավականին կասկածելի է թվում, քանի որ ժամանակի առումով Սայդիկին ոչ ոք չէր սահմանափակում: Ղրիմը քննարկելու նրա դժկամությունը բացատրվում է Ռուսաստանի հետևողական դիրքորոշմամբ, որը անընդհատ ասում է, որ «Ղրիմի հարցը» փակված է, և Մոսկվան այս թեմայի շուրջ որևէ բանակցություն չի վարի:

Այս տարվա ընթացքում մենք մի քանի անգամ գրել ենք, որ Եվրոպայի համար «Ղրիմի հարցը» այլևս գոյություն չունի, չնայած Հայաստանում որոշ շրջանակներ շարունակում են «տառապել Ղրիմով և Ուկրաինայով»՝ Երևանում կազմակերպելով հակառուսական ակցիաներ: Հիշեցնենք, որ մեր կայքը նույնիսկ տեսա-հարցազրույց է կազմակերպել «Ղրիմի Հանրապետության բիզնես և մշակութային կենտրոնի» (Մոսկվայում) տնօրեն Յարոսլավ Իվանչենկոյի հետ: Բայց այս դեպքում մեզ հետաքրքրում էր այն փաստը, որ Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը փաստացի խոստովանեց, որ ոչ նախկին Ուկրաինայի ԽՍՀ-ը, ոչ էլ ժամանակակից Ուկրաինան Ղրիմի նկատմամբ որևէ օրինական իրավունք չեն ունեցել և չունեն: Հայաստանը, իհարկե, այնքան հզոր տերություն չէ, որքան Ռուսաստանը, որպեսզի ԵԱՀԿ-ը վերջապես հետևի մեր օրինական պահանջներին. ուշադրություն դարձնի այն փաստի վրա, որ ոչ 20-րդ դարի 20-ական թվականներին, ոչ ԽՍՀՄ տարիներին, և նույնիսկ ավելին` ոչ էլ 1991 թվականից հետո Ադրբեջանը չուներ, չունի և չի կարող իրավունքներ ունենալ Արցախի Հանրապետության հողերի նկատմամբ: Դե իսկ պատմականորեն մինչև 1918 թվականը Ադրբեջանը, որպես հայտնի անկախ երկիր (ինչպես և Ուկրաինան), գոյություն չուներ ոչ մի դարաշրջանում, ոչ մի հազարամյակում: Այնուամենայնիվ, միշտ էլ եղել են և կան տարբեր տեսակի միջոցներ ու մեթոդներ` ԵԱՀԿ-ին «խելք ցույց տալու» համար ոչ միայն Ղրիմի, այլև Արցախի հարցում: Պարզապես անհրաժեշտ է գրագետ թիմ ունենալ կառավարությունում՝ զերծ արտահայկական ուժերի, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա «Հայ ազգային կոնգրեսի» ազդեցությունից:

Սերգեյ Շաքարյանց