Առանց Արցախի մասնակցության՝ բանակցություններում անհնարին է որևէ առաջընթաց գրանցել. Շավարշ Քոչարյան

Իրականում բանակցային գործընթացում կա դրական մեկ արդյունք. այն 1994 թվականի ռազմական գործողությունների և կրակի դադարեցման մասին համաձայնագիրն է:

Այս մասին Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ նա մասնավորապես ասել է. «Կա փաստաթուղթ, ըստ որի Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիևը լիազորել է իրենց Խորհրդարանի փոխխոսնակին ԱՀ համապատասխան պաշտոնյաների հետ հանդիպել և նախապատրաստել երկու երկրների առաջին դեմքերի հանդիպումը: Փաստաթուղթը ռուսերեն է, որտեղ Արցախի մասին խոսելիս նշվել է НКР (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), որի տակ ստորագրել է Հեյդար Ալիևը: Սրանով մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն Ադրբեջանն ընդունել է Արցախը, որպես հակամարտության կողմ, որի հետ անմիջական բանակցություն է ունեցել տարբեր մակարդակներում: Քանի որ ներկայումս Ադրբեջանը խուսափում է Արցախի հետ ուղղակի բանակցություններից և ավելին՝ ձևացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա, ուրեմն նա չի ցանկանում որևէ առաջընթաց բանակցություններում: Առանց Արցախի մասնակցության՝ բանակցություններում անհնարին է որևէ առաջընթաց գրանցել: Որևէ մեկը լիազորված չէ Արցախի փոխարեն խոսել այն հարցերի մասին, որոնք բացառապես գտնվում են ԱՀ իրավասության ներքո. դա վերաբերում է կարգավիճակին և Արցախի տարածքային ամբողջականության խնդրին»:

Շ. Քոչարյանի խոսքով՝ իրականում Ադրբեջանը ձևացնում է, թե իբր բանակցում է, և այդ բանակցությունների քողի տակ իրականացնում է քարոզչական պատերազմ, որի նպատակն է միջազգային հանրությանը ապացուցել, որ խնդիրը ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլև տարածքային վեճի հարց է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մինչդեռ քիչ առաջ նա խոսել է 1994 թվականի համաձայնագրի մասին, որն ակնհայտորեն ցույց է տալիս, թե ովքեր են հակամարտող կողմերը:

Ինչո՞ւ ինքնորոշման հարցը վերածվեց արյունալի հակամարտության հարցին ի պատասխան, բանախոսն ընդգծել է. «Որովհետև Ադրբեջանը չի ցանկանում բանակցել, չի ուզում որևէ առաջընթաց, պատրաստ չէ փոխզիջման և փորձում է ուժով լուծել հարցը: Միայն ապրիլյան պատերազմի չորս օրերի ընթացքում այնպիսի բարբարոսություններ են իրականացրել, որը բնորոշ է միայն ծայրահեղ ահաբեկիչներին»: