Հայաստանի և Արցախի սոցապնախարարները քննարկել են ոլորտի հիմնախնդիրները

«Շատ ուրախ եմ Արցախում գտնվել այսօր: Ինչպես նշեց իմ գործընկեր պարոն Ավանեսյանը, սոցիալական հարցերի նախարարությունները պաշտպանական երկրորդ կառույցներն են, որոնք ամենկարևոր ծառայություններն են մատուցում քաղաքացիներին և ամենալուրջ պատասխանատվությունը կրում: Մեզ համար շատ կարևոր է մեր նոր գաղափարների, բարեփոխումների վերաբերյալ Ձեզ հետ քննարկումների հնարավորությունը»,- այս մասին Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախարար Բաթոյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում Արցախի Հանրապետության փորձը շատ ուսանելի է, քանի որ երկու հայկական պետությունների համար աշխատանքի սկզբունքը մեկն է՝ քաղաքացիների բարեկեցությունը, սակայն դրա իրականացման մեթոդներն ու ուղիները տարբեր են, ինչը միմյանց կուտակած փորձը ուսումնասիրելու, դասեր քաղելու և փոխօգնության լայն հնարավորություններ է ստեղծում:

«Այսօր մենք բոլոր ուղղություններով վերանայում ենք մեր քաղաքականությունները: Վերջին շրջանում շատ են խոսակցությունները երեխաների իրավունքների ոլորտում մեր կողմից իրականացվող քայլերի, մասնավորապես՝ ապաինստիտուցիոնալացման քաղաքականության վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում: Այս մասով, վստահաբար, Արցախի փորձը շատ արժեքավոր է, քանի որ դուք չունեք խնամքի հաստատություններ՝ մանկատներ: Սա ձեր մեծագույն առավելություններից մեկն է, որին ձգտում ենք նաև մենք»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Երկու երկրների նախարարները քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները, լուծման տարբերակները և երկու պետությունների կուտակած փորձը: Կողմերը պայմանավորվել են առավել մանրամասն քննարկել երեխաների որդեգրման հետ կապված հարցերը, ինչպես նաև՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց կարիքների գնահատման մեխանիզմները:

«Սա Ձեր առաջին աշխատանքային այցն է Արցախի Հանրապետություն, բայց ես պետք է արձանագրեմ, որ մեր երկու նախարարությունների համագործակցությունը մշտապես օրինակելի է եղել մյուսների համար: Վստահ եմ, որ մեր գործակցությունը ոչ միայն շարունակվելու է նույն կերպ, այլև որակական լուրջ և դրական փոփոխություններ է կրելու»,- ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը: