ՀՀ ՊՆ ՄԻԲԿ պետն աշխատանքային այցով եղել է Արցախում

Պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում: ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, այցի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել ՊԲ ղեկավար կազմի ներկայացուցիչների, զորամասերի հրամանատարների և այլ զինծառայողների հետ: Ներկայացվել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի փորձը, ինչպես նաև ՀՀ ՊՆ «Թեժ գծի» գործունեությունը: Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի և ՊԲ ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման վերաբերյալ:

Գնդապետ Ավետիսյանը եղել է նաև Ստեփանակերտի ՌՈ բաժնում, որտեղ  մի շարք քրեական գործերով անցկացվել են մեթոդական քննարկումներ, ներկայացվել է տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից զինվորական գործերով Հայաստանի դեմ ընդունված վճիռների վերաբերյալ: Իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերով զրույցներ են անցկացվել նաև ՌՈ կարգապահական մեկուսարանում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը քննարկելու նպատակով գնդապետ Ավետիսյանը հանդիպել է նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ, ներկայացրել  զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների պաշտպանության ոլորտում ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի և վերջինիս կազմում գործող ՀՀ ՊՆ «Թեժ գծի» փորձը: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ ՊՆ ՄԻԲԿ-ի և ԱՀ ՄԻՊ գրասենյակի համագործակցության ընդլայնումը, քննարկվել են փորձի փոխանակման տարբերակներ՝ համատեղ քննարկումների կազմակերպման ձևաչափով:

ՀՀ ՊՆ ՄԻԲԿ պետն այցելել է նաև ՊԲ հավաքակայան, զրուցել զորակոչիկների և նրանց ընտանիքի անդամների հետ: