Արճիսի բնակիչները փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը (լուսանկարներ)

Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը։ Պատճառը՝ խմելու ջրի գրեթե բացակայությունն է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուսաննա Մարտիրոսյանը՝ նշելով, որ երկար ժամանակ է՝ արճիսցիներն այս խնդիրը բարձրացնում են մարզպետարանում, տարբեր գերատեսչություններում, խնդրի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող հարթակներում, սակայն՝ ձայն բարբառոյ յանապատի։

Ճարահատյալ, իրենց ձայնը լսելի դարձնելու միակ միջոցը ճանապարհ փակելն են ընտրել։

«Հարցի լուծումը կարճ է, սրտացավություն է պետք,- գրել է օգտատերը։- Գյուղի կենտրոնով անցնող ջրագիծը (մագիստրալը) սպասարկում է հարևան երկու համայնքներին, այնինչ արճիսցին խողովակով հոսող ջրի ձայնն է միայն լսում, դույլով աղբյուրից ջուր է կրում, կարոտով սպասում, թե վերևներում հայտնված մի չինովնիկ մի բարի օր լայաղ կանի հայացք ուղղի իրենց, իսկ թե ուշանում է, այլ ելքեր է փնտրում։ Ահավասիկ։

Պատկաննե՛ր, մի քիչ ավելի ակտիվ եղեք․․․»։