Դավադիրներ, ներքին թշնամիներ հայ ժողովուրդը չունի, դա բոլշևիկյան գաղափարախոսություն է (տեսանյութ)

Թևակոխել ենք մարտահրավերներով լի ժամանակաշրջան․  Տարածաշրջանը վերածվում է վառոդի տակառի․ Երևանից  ընդամենը 50-60 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանի հետ սահմանին  տեղի ունեցան ադրբեջանա- թուրքական զորավարժություններ, Արցախի ու Ադրբեջանի  սահմանին  լարվածության նկատելի աճ կա, մյուս կողմից Իրան-ԱՄՆ հարաբերություններն են հասել լարվածության բարձրակետին: Եվ  այս իրավիճակում  հունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի  հովանու ներքո Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Կա կարծիք, որ այս հանդիպումը ոչ այնքան վերաբերել է Արցախյան հիմնախնդրին, որքան Միացյալ Նահանգների համար այսօրվա թիվ մեկ մտահոգիչ խնդրին՝ Իրանի հետ հարաբերություններին։

Համարժե՞ք է, արդյոք, Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում զարգացող վտանգավոր  իրողություններին, ունե՞նք հստակ սցենարներ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք այս կամ այն իրավիճակի զարգացման դեպքում։

LIVEnews.am-ի «Մենք» հաղորդաշարի եթերում, այս և այլ հարցերի շուրջ  զրուցեցինք քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանի  հետ։

«Եթե մենք ազգովի վստահ լինեք, որ արցախյան հարցում անհնարին է որևէ երկպառակտություն, որևէ այլակարծություն, ու մենք  ազգովի միասնական ենք, ուրեմն վախենալու բան չունենք»,- համոզված է Խաչիկ Գալստյանը, հավելելով ՝ Արցախը հայ ժողովրդի բնօրրանն է։

Քանի դեռ Արցախը բանակցային սեղանի մոտ չէ՝ համատեղ որոշում չի լինի, համոզված է քաղաքագետը։ Դիմելով, ՀՀ իշխանությանն ասաց․ «Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու լավագույն տարբերակը կարևոր թեզերն Արցախից հնչեցնել է»։

Մանրամասները՝ տեսանյութում