ՉԺՀ և ԵԱՏՄ պետությունների միջև կընդլայնվի մաքսային համագործակցությունը

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հարբին քաղաքում մասնակցել է Չինաստանի և ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև միջազգային երկխոսությանը: ՊԵԿ լրատվական ծառայության տեղեկացմամբ, քննարկվել են մաքսային ոլորտում համագործակցության մի շարք հարցեր:

Միջազգային երկխոսությունն ուղղված է «Մեկ գոտի, մեկ ուղի» (Belt & road) Չինաստանի նախաձեռնության շրջանակում ԵԱՏՄ անդամ-պետությունների դերի և մասնակցության, ինչպես նաև պետությունների միջև առևտրի անվտանգության և մաքսային ձևակերպումների արդյունավետության բարձրացմանը: Միջոցառմանը պատվիրակությունները ներկայացրել են Չինաստանի հետ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախատեսվող ծրագրերը մաքսային, և առհասարակ, արտաքին առևտրի ոլորտում:

ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի հնարավորությունները: Նախանշվել են նաև Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության առաջնահերթությունները: ՉԺՀ մաքսային մարմնի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել երկու պետությունների «Մեկ պատուհան» համակարգերի փոխգործակցության ուղիները:

Միջոցառման մասնակից պատվիրակությունների կողմից ընդունվել է հայտարարություն՝ ՉԺՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրի խթանման նպատակով  ընդլայնել մաքսային համագործակցությունը:

Պաշտոնական միջոցառումների ավարտից հետո պատվիրակություներն այցել են նաև Հարբին քաղաքի երկաթուղային և փոստային առաքանիների մաքսակետեր: