Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը․ Երվանդ Քոչար
Այսօր մեծատաղանդ քանդակագործ-գեղանկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է
Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից:
Երվանդ Քոչարը ծնվել է 1899թ․ հունիսի 15-ին, Թիֆլիսում՝ շուշեցի Սիմեոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում։ 1906-1918 թվականներին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թթ․միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում (Շմերլինգի դպրոց), հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի (1870-1936) դասարանում: 1918 թվականին չնայած տիրող հեղափոխական թոհուբոհին՝ քաղաքացիական կռիվներին, Երվանդ Քոչարը Կարո Հալաբյանի հետ ուղևորվել է Մոսկվա: Վլադիկավկազում հանդիպում են Վահան Տերյանին, որի հանձնարարականը դյուրացնում է հաղթահարել այդ արկածախնդիր ուղևորությունը: Երվանդ Քոչարը 1918-1919 թթ․ սովորել է Մոսկվայի Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներում` Պ. Կոնչալովսկու դասարանում:
1919թ. ավարտելով ուսումը՝ վերադարձել է Թիֆլիս, նկարչություն է դասավանդել տեղի հայկական դպրոցներում, բացել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1921թ. դասավանդել է Թիֆլիսի բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում։
1922թ. Քոչարը եվրոպական արվեստին մոտիկից ծանոթանալու և այն ուսումնասիրելու նպատակով ուղևորվում է Եվրոպա: Առաջին կանգառը Կոստանդնուպոլիսն էր, այնուհետև Վենետիկը: Այստեղ նա առաջին անգամ լրջորեն զբաղվում է քանդակագործությամբ ` կերտում է Ավ. Իսահակյանի, Վենետիկի կարդինալ Լաֆոնտենի, Ժ. Զաքարյանի և Աբբահայր Կյուրեղյանի քանդակները:Այդ շրջանի նրա ստեղծագործությունը ներառում է կուբիզմի, սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, մետաֆիզիկական նկարչության, սյուրռեալիզմի, էքսպրեսիոնիզմի հոսանքների ազդեցությունը, նրանց ոճական-ձևական հնարների համադրումը։
1936թ. վերադարձել է հայրենիք, ընդունվել Հայաստանի նկարիչների միություն և մասնակցել տեղական ու միութենական ցուցահանդեսների։
1941թ․ պատերազմի սկսվելու հենց առաջին օրը Քոչարը մեղադրվում է «Հակահեղափոխական քարոզչության և հակահեղափոխական գործունեության մեջ»: Հետագայում Անաստաս Միկոյանի և ճարտարապետ, Սովետական ճարտարապետների միության պատասխանատու քարտուղար Կարո Հալաբյանի բարեխոսությամբ 1943 թվականի օգոստոսին նա ազատվեց կալանքից։ Բանտում ստեղծում է Մովսես Մվսիսյանի դիմանկարը սատինե թաշկինակի վրա` թվագրված 22.X.1942։
Քոչարը «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի հազարամյակի տոնակատարության շրջանակներում, անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում, ստեղծում է «Սասունցի Դավթի» գիպսե արձանը (առաջին տարբերակ), որը Քոչարի ձերբակալությանը հաջորդած տարիներին բարբարոսաբար ոչնչացվում է:
1944-1945թթ. նկարչություն է դասավանդել Երևանի թատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում։ Քոչարը բազմաժանր, բազմազան տեխնիկայով աշխատող արվեստագետ էր։
1948թ. մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։
Սասունցի Դավիթ (արձան, Երևան)
Կիբեռնետիկայի մուսան (քանդակ, Երևան)
Բիբլիական Դավիթը (հուշարձան, Երևան)
Վարդան Մամիկոնյանի հուշարձան (Երևան)