ԱՄՆ-ի և Իսրայելի հակաիրանական ապատեղեկատվության բացահայտման շաբաթ

Մի քանի օր առաջ իսրայելական ԶԼՄ-ները, ինչպես նաև ամերիկյան Bloomberg գործակալությունը ևս մեկ տեղեկատվական և քարոզչական «հարձակում» են ձեռնարկել Իրանի վրա` իրանառուսական, իրանասիրիական և ռուսսիրիական հարաբերությունների շրջանակում: Սկզբում սիոնիստները և Bloomberg գործակալությունն սկսեցին ապատեղեկատվություն տարածել, թե իբր անց են կացվում ԱՄՆ-Իսրայել-Ռուսաստան ձևաչափով եռակողմ բանակցություններ այն բանի շուրջ, թե իբրև ամերիկացիները պատրաստակամ են ճանաչելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի լեգիտիմությունը, փոխարենը Ռուսաստանը պետք է ստիպի Իրանին Սիրիայից հեռացնել իրանական ռազմական խորհրդականներին: Եվ իբր թե նոր առաջարկի վերաբերյալ խորհրդատվությունները պետք է շարունակվեին Իսրայելի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդատուների եռակողմ հանդիպման ժամանակ: Մոսկվայի արձագանքը կանխատեսելի էր․ Ռուսաստանի ԱԳՆ-ը  և Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ջաղարյանը ևս մեկ անգամ ԱՄՆ-ին և Իսրայելին հիշեցրին, որ ռուսական կողմը ոչ մի կապ չունի Իրանի և Սիրիայի միջև երկկողմ համաձայնագրի հետ, և որ Սիրիայում իրանական ռազմական խորհրդականների ներկայության հարցը Դամասկոսի և Թեհրանի որոշելիքն է:

Այդ ժամանակ իսրայելական կողմն սկսեց կեղծ տեղեկություններ տարածել մի շարք արաբական լրատվամիջոցներով, օրինակ՝ սաուդյան «Al-Sharq al-Awsat» թերթում: Ըստ այդ տեղեկատվության՝ «Ռուսաստանի ճնշման տակ» Իրանն իբրև Սիրիայից դուրս է հանում իր ռազմական խորհրդականներին: Ավելին, իբր թե Իրանի հարցով գործարք է եղել Դամասկոսի և Վաշինգտոնի միջև: Այս տեղեկությանը Ռուսաստանը նույնիսկ չի արձագանքել, Իրանը  նույնպես լռում է: Փոխարենը հայտարարությամբ հանդես եկավ Սիրիայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ, քրիստոնյա (ասորի) Բութրուս ալ-Մարյանը: Ռուսական «Իզվեստիա» թերթի թղթակիցների հետ զրույցի ժամանակ նա հայտարարել է, որ Դամասկոսը չի պատրաստվում հրաժարվել Իրանի ռազմական օգնությունից կամ պահանջել Իրանի զինվորական խորհրդականների դուրսբերումը նույնիսկ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացման դեպքում. «Իրանական զորքերը մեր երկրում տեղակայված են մեր կառավարության պաշտոնական խնդրանքով և կլքեն Սիրիան, երբ լինի դրա անհրաժեշտությունը»:

Միայն դրանից հետո Վաշինգտոնում հասկացան, որ «խաղը» ձախողվել է: Սիրիայի հետ համագործակցության գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջիմ Ջեֆրին ստիպված էր պաշտոնապես հերքել իսրայելական լրատվամիջոցների և սաուդյան «Al-Shark Al-Awsat» թերթի պնդումները: Ջեֆրիի խոսքերով, ինչպես հաղորդում է «Fars News» գործակալությունը, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հայտարարությունները «անհիմն են և չեն համապատասխանում Վաշինգտոնի դիրքորոշմանը»: ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ «ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2254 բանաձևը պետք է իրականացվի»:

«Bloomberg» գործակալության և իսրայելական ԶԼՄ-ների կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունը վերաբերում է միայն ռուս-իրանական հարաբերություններին: Հակաիրանական ուժերը պնդում են, թե իբրև Իրանը Մոսկվայից խնդրել է սկսել Ս-400 Triumf հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, սակայն իբր անձամբ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «արգելել է» այդ օդային պաշտպանության համակարգի մատակարարումը Իրանին: Այս մասին հերքում տվեցին և՛ Կրեմլը, և՛ Իրանի ԱԳՆ-ը: Մայիսի 31-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե տեղեկություն չունի, որ Ռուսաստանը իբր հրաժարվել է Իրանին Ս400 մատակարարելուց:

Վլադիմիր Պուտինի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել մանրակրկիտ ստուգել նման հաղորդագրությունները. «Պետք է շատ զգույշ լինել նման տեղեկատվություն տարածելիս»: «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը և «Interfax»-ը հավելել են, որ Կրեմլի մեկնաբանությունից մի քանի ժամ առաջ անանուն «տեղեկացված ռուսական աղբյուրը» հայտարարել էր, թե Ռուսաստանն ընդհանրապես Իրանից դեռ չի ստացել Ս-400 գնման հայտ. «Իրանը Ս-400-ի հայտով չի դիմել: Ռուսաստանը շարունակում է համագործակցել Իրանի հետ, նախկինում մատակարարված Ս-300 համալիրների սպասարկման շրջանակներում, այդ պարտավորությունները կատարվում են ամբողջ ծավալով»:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին հունիսի 10-ին իր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանին Ս-400 պետք չէ, իսկ Իսլամական Հանրապետությունը նման պատվեր չի կատարել. «Իրանի փորձագետներն արդեն մշակել են մի համակարգ, որը ոչ այլ ինչ է, քան Ս-400 հրթիռային համակարգ»: Ի սկզբանե ԶՀԿ Ս-400-ը տեխնիկական փաստաթղթերում նշված էր որպես Ս-300 ՊՄ3: Ս-400-ը Ս-300-ի մի փոքր կատարելագործված տարբերակն է, որը նախատեսված է օդա-տիեզերական հարձակման բոլոր ժամանակակից և հեռանկարային միջոցները ոչնչացնելու համար: Պարոն Մուսավին համոզիչ ասում է, որ Իրանը տեղյակ է Ս-400-ի վերաբերյալ այդ տեղեկություններին, և որ իրանական ռազմական ինժեներները տիրապետում են Ս-300-ի կատարելագործման տեխնոլոգիաներին: Այսպիսով, ԱՄՆ-ի և Իսրայելի այս տեղեկատվական սադրանքը  նույնպես ձախողվեց: Այնպես որ, ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրեննանը «The Irish Times» իռլանդական թերթին տված հարցազրույցում իզուր չէ, որ քննադատել է Թրամփի վարչակազմի քաղաքականությունը Իրանի հանդեպ՝ հայտարարելով, որ իրանցիները չեն փոխելու իրենց վարքագիծը։

Սերգեյ Շաքարյանց