«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը կդառնա 2 տարի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 95 պատգամավոր:

«Պաշտպանության և անվտանգության մասին հարցերի մշտական հանձաժողովն առաջարկել է օրենքի նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն` նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում»,- հանձնաժողովի առաջարկը ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Պատգամավորները քվեարկությամբ, 94 կողմ ձայներով ընդունեցին այդ առաջարկը:

Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը 36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45: Առաջարկվում է կրճատել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը՝ 3 տարուց դարձնելով 2 տարի: Նախագծով առաջարկվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը: Նախատեսվում է նաև, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: