Ադրբեջանը ձախողել է Արևելյան գործընկերության հռչակագրի ընդունումը

Բրյուսելում երեկ ավարտվել է Եվրամիության Արևելյան գործընկերություն ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի առաջին օրը:

Ամփոփվել են Արևելյան գործընկերության տասը տարվա արդյունքները, այն նախաձեռնությունը, որոնք նպատակաուղղված էին հետխորհրդային վեց պետությունների և  Եվրամիության հարաբերությունների մտերմացմանը: Նշենք, որ երեկ՝ մայիսի 13-ին,  հանդիպել են ԵՄ 28 երկրների, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտգործնախարարները:

Բրյուսելում մտադիր էին ընդհանուր հռչակագիր ընդունել Արևելյան գործընկերության  տասնամյակի կապակցությամբ, որի ընդունման համար անհրաժեշտ էր բոլոր 34 երկրների համաձայնությունը: Հռչակագիրը չի ընդունվել, քանի որ,  ըստ dw.com-ի, նախաձեռնությանը խոչընդոտել է Ադրբեջանը: Պատճառը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցի՝ փաստաթղթում չներառված լինելն է:

Ուկրաինան ու Վրաստանն էլ պահանջներ են ներկայացրել՝ ԱլԳ անդամ առանձին երկրների կողմից եվրաինտեգրման ձգտման հղումների բացակայության առնչությամբ:

Իրավիճակին անդրադարձել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը: Մոգերինին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Խոսքն այստեղ տարեդարձի, տոնի մասին է, որի ընթացքում մենք ընդգծում ենք վերջին տարիներին գրանցած ամբողջ առաջընթացը: Այդ իսկ պատճառով մենք կենտրոնացել ենք մեր ձեռքբերումների վրա, գործընկերության նշանակության, ապագա հեռանկարների վրա»:

«Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Վերջին երեքը Եվրամիության անդամակցությունն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություն են անվանել: Ինչ վերաբերում է եվրաինտեգրման ձգտման հղումների բացակայությանը, ապա Մոգերինին ասել է, որ ծրագրի անդամ երկրներից երեքը կապված են ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրերով, իսկ մյուս երեքը չունեն նման համաձայնագիր:

«Պետք էր մոտեցում ընտրել, որը կհարգեր բոլորին»,- նշել է Մոգերինին: