Քրիստոնյաները նախազգուշացնում էին սիրիական քրդերին, քրդերը չլսեցին

Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին նախագահ Թրամփի հայտարարությունից հետո ամենից վատ իրենց զգում են սիրիական քրդերը։ Նրանց պատվիրակությունները նետվեցին Ֆրանսիա։ ԱՄՆ-ի վրա դրված խաղադրույքը խփվեց, իսկ Ֆրանսիան կօգնի՞ արդյոք․․․ Փարիզն ինչ-որ բան է խոսք տվել։ Բայց Սիրիայի քրդերի համար դա քիչ է։ Դեկտեմբերի 24-ին Սիրիայում Քուրդիստանի ազգային խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ Թուրքիայի հնարավոր ագրեսիան։

Ավելին․ մոսկովյան աղբյուրին հղում անելով, համաարաբական «Al Arabia» կայքը հայտնեց, որ ամերիկամետ «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) երկու պատվիրակություններ էլ Ռուսաստան են եկել և փորձում են հանդիպել ՌԴ ղեկավարությանը։ Նույն օրն «Associated Press» գործակալությունը հայտնեց, որ Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին Բաղդադում տված մամուլի ասուլիսում պարզաբանել է, որ իրաքյան կառավարությունը կքննարկի իր սահմանները իսլամականներից պաշտպանելու բոլոր տարբերակները և պատրաստ է իր զորքերը մտցնել Հյուսիսային Սիրիա։

Դա կարևոր է իմանալ, որովհետև կարծիք էլ կա, որ ԱՄՆ-ի հեռանալը կարձակի ոչ միայն թուրքերի ձեռքերը, այլև քրդերի՝ և՛ սիրիական, և՛ թուրքական։ Եվ այնժամ Թուրքիայում ներքին պատերազմն անխուսափելի և սուր կլինի։ Մինչդեռ, Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորումներով զբաղվող մի շարք ակտիվիստներ քննադատել են զորքերը դուրս բերելու մասին Թրամփի որոշումը։ Նրանց կարծիքով, դա քրիստոնյաներին հարվածի տակ կդնի և կստիպի նորից փախչել։

Ամերիկյան կաթոլիկների «National Catholic Reporter» կայքը հղում անելով «Թուրքիայի արդեն բարձրաձայնած ռազմական սպառնալիքներին», մեջբերել է Արևելքի Ասորական եկեղեցու ծայրագույն վարդապետ Էմանուիլ Յուհանի խոսքերը՝ ամերիկացիների հեռանալը Հյուսիսային Սիրիայի բնակիչների համար «բացում է դժոխքի դռները»։ Ընդ որում, հայր Էմանուիլը խոսում է «1915թ․ իրենց դեմ թուրք-օսմանների իրականացրած ցեղասպանության վերաբերյալ ասորիների համայնքի կոլեկտիվ հիշողության» մասին։ Նրա կարծիքով, ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը նաև հակասում է օրերս Թրամփի ստորագրած օրենքին՝ 2018 թ․ Սիրիայում և Իրաքում իրագործված ցեղասպանության համար պատասխանատվության մասին։

Այստեղ հարկ է նշել, որ ասորական եկեղեցականը ղեկավարում է Հյուսիսային Իրաքում իրագործվող քրիստոնեական օգնության ծրագիրը, և ոչ թե՝ օգնությունը Սիրիայի ասորիներին։ Դրա հետ մեկտեղ, նա մշտական կապի մեջ է իր գործընկեր կղերականների հետ Հյուսիսային Սիրիայում, որը, «վերջին հաշվով, համարվում է ամենակայուն ու ձեռք չտված տարածքը», թեև «քրդերի հետ մենք կարող ենք շատ հարցերում տարակարծիք լինել» (մեջբերումները դարձյալ նրա խոսքից են)։ Իսկ սա ստիպում է հարցնել, թե իրականում ովքե՞ր են Թրամփի որոշումից առավել տուժողները՝ սիրիական քրդե՞րը, թե քրիստոնյաները․․․

Մեզ մոտ՝ Հայաստանում էլ պետք է հասկանան, որ ասորի քահանայի անհանգստությունը վերաբերում է Իրաքի և Սիրիայի բոլոր քրիստոնյաներին, այլ ոչ միայն ասորիներին, և, իհարկե, նաև մեր հայերին, թեև որոշ հայտնի վերապահություններով։ Ի վերջո, Սիրիայի հայերն առաջին ոչ արաբ աշխարհազորայիններից էին, որ միացան Սիրիական բանակին և փաստացի պաշտպանեցին Հալեպի քրիստոնեական մասը, Քեսաբը, Դեր-էզ-Զորը և այլ քաղաքներ։ Երբ թուրքական զորքերը 2018թ․ հունվարի վերջին սիրիական քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YGP) դեմ ելան՝ «Ձիթենու ճյուղ»  գործողության շրջանակներում ներխուժելով Աֆրին, Յուհանը հայտարարում էր, որ «թուրքերի ռազմական գործողությունները քրդերի ու քրիստոնյաների նկատմամբ չեն կարող արդարացվել», իսկ կռվելը նրանց հետ, ով «մարտնչել է ԻՊ-ի դեմ», համարվում է «ցնցող և կասկածելի»։

Քրդերը ոչ միայն դիմում են Փարզին, այլև ինչ-որ տեղ շանտաժի են ենթարկում Արևմուտքին։ «Le Monde»-ին տված հարցազրույցում Սիրիական դեմոկրատական խորհրդի համանախագահ Իլհան Ահմեդն ասել է․ «Մենք անհանգստացած ենք, որ օտարերկրյա հարյուրավոր ջիհադականներ, որոնց մենք արևմտյան երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի անունից պահում ենք մեր բանտերում, կարող են փախչել․․․ Այստեղ հարցը ոչ միայն մեր ժողովրդի գոյատևումն է, այլև Փարիզի և եվրոպական այլ քաղաքների փողոցների անվտանգությունը»։

Բայց դեռևս 2018 թ․ փետրվարին «l’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության ղեկավար, մոնսինյոր Պասկալ Գոլնիշը ֆրանսիական «La Croix» կաթոլիկ թերթին տված հարցազրույցում մեկնաբանելով թուրքերի ռազմական գործողությունը, նկատել է, որ «այդ սիրիական Միջագետքում յուրատեսակ քրդական անկլավ ստեղծելու ձգտումը սադրեց որոշ քրդերի «ագրեսիվ վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ»։ Ընդ որում, քրիստոնյաներն ինչ-որ բաներ արդեն բացատրել էին սիրիական քրդերին․․․

Ինչպես 2017թ․ ամռանն ասում էր սիրիա-կաթոլիկական արքեպիսկոպոս Ժակ Բեհնան Հինդոն, «Քուրդ պարտիզաններն իրենց ուժեղ են զգում, որովհետև, ինչպես իրենք են համարում, իրենց աջակցում է ԱՄՆ-ը։ Ես նրանց զգուշացնում էի, որ ամերիկացիները վաղ թե ուշ կհեռանան, իսկ դուք կհայտնվեք ավելի վատ վիճակում, քան նախկինում էիք»։ Այդպես էլ ստացվեց, և արդյունքում դժվար է պատկերացնել, թե այսօր ով կարող է սատարել քրդերին, որոնք աջակցություն են փնտրում և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում, ձեռք թափ տալով Սիրիայի քրիստոնյա բնակչության վրա։ Ի դեպ, այդ վերաբերմունքում երևում է և այն, թե ինչ կլինի տարածաշրջանում, եթե քրիստոնյաների (հայերի, ասորիների, արամեականների և այլն) հողերի վրա, ի վերջո, ստեղծվի «Քուրդիստանը»․․․

 

Սերգեյ Շաքարյանց