Ալիևն ուզում է է՞լ ավելի դուր գալ Ռուսաստանին և Իրանին

2018թ․ նախաշեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդարձակ հարցազրույց է տվել «Россия-24» հեռուստաընկերությանը։ Այն ուշադրություն գրավեց նրանով, որ «Ապշերոնի խանը» բավական անկեղծ նշել է այն արտաքին մարտահրավերները, որոնց հետ սկսել է բախվել Բաքուն։ Հետևենք դրանց․․․

«Էներգետիկ ծրագրերն իրականացնելու տեսանկյունից մենք ոչ մի արգելք չենք տեսնում,- ասել է Ալիևը։-  Մյուս կողմից՝ Ադրբեջանի դերն ու նշանակությունը ոչ միայն էներգետիկ շուկայում, այլև, ընդհանրապես, աշխարհաքաղաքական առումով աճում է՝ երկիրն ավելի զարգացած է դառնում, տարածաշրջանում ինքնահաստատվելու ավելի շատ ծրագրեր ունի, և, մեր զարգացմանը համեմատական կարգով, մեր անկախ քաղաքականություն անցկացնելուն համեմատական, աճում է նաև ճնշումը մեր վրա։ Խոսքը մեզ մեկումեջ այնպիսի արկածախնդրությունների մեջ ներքաշելու փորձերի մասին է, որոնք կտրականապես հակացուցված են մեր ժողովրդին, մեր երկրին։ Որպես ճնշելու միջոցներ, օգտագործվում են միջազգային կազմակերպությունների ինչ-որ որոշումներ, որոնց Բաքուն բոլորովին չի մասնակցում, ինչ-որ քարոզչական ֆեյքային արտանետումներ մամուլում և էլի նման բաներ»։

Իր վրա ճնշումները Ադրբեջանը տարբեր տարիների, սկսած խորհրդային ժամանակներից, թուլացնում էր իր համար սովորական ձևով՝ կաշառքներ բաժանելով։ Դրա վկայություններից մեկը ԵԽԽՎ-ի մի շարք պատգամավորների (իսպանացի Պեդրո Ագրամունտայի նման) շուրջ սկանդալն էր՝ ադրբեջանական կաշառքներ ստանալու կապակցությամբ։ Ադրբեջանի վրա Արևմուտքի ներկայիս տեղեկատվական-քարոզչական հարձակումն առաջին անգամը չէ։ Եվրոպական այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են բրիտանական «The Guardian»-ը, ֆրանսիական «Le Monde»-ը, «Le Figaro»-ն և այլն, գրեթե միաժամանակ հրապարակումներ հայտնվեցին, որոնք ուղղված էին Ադրբեջանի իշխող վերնախավի դեմ, և դա սկսվեց դեռևս 2017թ․։ Այդ քարոզարշավների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք միշտ կապված են եղել որոշակի խնդրի հետ, որը քաղաքական նյարդայնություն է առաջացրել Արևմուտքում։ Ներկայիս դեպքը բացառություն չէ։ Պատահական չէ նաև, որ Ալիևը, խոսելով այսօրվա մարտահրավերների մասին, դրանք կապում է էներգետիկ ծրագրերի իրականացման հետ։

Հաստատվեցին Հենրի Քիսինջերի այն խոսքերը, որ «էներգետիկ քաղաքականությունն ի սկզբանե արտաքին քաղաքականության առարկա է»։ Մինչ վերջերս, Ադրբեջանի էներգետիկ դիվանագիտությունը համարվում էր նրա արտաքին քաղաքականության կարևորագույն միջոցը։ Խնդիրը պարզ էր՝ էներգետիկայի միջոցով ամրացնել դիրքերը միջազգային քաղաքականության մեջ, որպեսզի, առաջին հերթին, Հայաստանի և Արցախի հետ հակամարտությունը կարգավորվի բացառապես Բաքվի սցենարով։ Ավելին․ տպավորություն էր ստեղծվում, որ Բաքուն հույս ուներ, թե Մոսկվային չի հաջողվի իրականացնել իր «Թուրքական հոսք»-ի նախագիծը։ Ադրբեջանին թվում էր, որ ինքը հանդես է գալիս «Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորի» դերում։ Բաքուն այդ առնչությամբ Արևմուտքում կաշառքների միջոցով իրեն մի այնպիսի ուժ էր ներկայացնում, որն իբր դիմակայում է տարածաշրջանում Ռուսաստանի  դերի ուժեղացմանը։ Սակայն, Ադրբեջանին չհաջողվեց հայտնված կապիտալը կերպափոխել Արցախյան խնդրի լուծման։ Եթե անաչառորեն գնահատելու լինենք իրավիճակը, ապա Բաքվի վրա ճնշում գործադրելու նպատակով Արևմուտքի կողմից ադրբեջանական էներգետիկ ծրագրերի տեսականորեն ենթադրելի մեկուսացումը Ադրբեջանին կուղղեր միայն դեպի Մոսկվա, որն ունի էնէրգետիկ տրանզիտի այլընտրանքային սխեմաներ, և որը սիրիական ուղղությամբ դաշինքի մեջ է Իրանի և Թուրքիայի հետ։

Բայց Ալիևի խոսքերն «Ադրբեջանին արկածախնդրության մեջ ներքաշելու այլ փորձերի մասին» բացահայտում են Ալիևների կլանի հիմնական անհանգստությունները։ Ըստ ամենայնի, խոսքը գնում է որոշակի արտաքին ուժերի ձգտման մասին՝ Բաքվին ստիպել միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին, բացահայտ հայտարարել դա, հրաժարվել հավասարակշռության քաղաքականությունից և տեղափոխվել դեպի բացառապես ամերիկյան ուժային կենտրոն։ Բացառված չէ, որ Բաքվից դա պահանջում է ոչ միայն Վաշինգտոնը, այլև Իսրայելի կառավարությունը, որը «հաշիվ» է ներկայացրել Ադրբեջանին առ այն, որ ամբողջ 27 տարի աջակցել է «Ապշերոնի խանությանը» հայ ազգի հետ նրա կռվում։

Ալիևն իր հարցազրույցում ցանկացել է հասկացնել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ սերտ փոխգործակցության մեջ չի մտնի Իրանի դեմ, նույնիսկ, հնարավոր է, դրանով իսկ կամրացնի իր աշխարհաքաղաքական կապիտալացումը Մոսկվայի, Անկարայի, Թեհրանի ու ԵՄ-ի հետ բանակցություններում։ Ահա թե ինչու է աչքի զարնում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների աճող դինամիկան։

Ինտենսիվ խորհրդատվություններ են անցկացվում Թուրքիայի հետ։ Բառացիորեն օրերս այցով Իրանում էր գտնվում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը։ Բաքուն սկսել է առաջանցումով գործել, որպեսզի, եթե նույնիսկ չկարողանա վերացնել բոլոր խնդիրները հարևանի հետ, ապա գոնե իրատեսական մի նոր հզոր լիցք հաղորդի այդ հարաբերություններին, զրկի Վաշինգտոնին դրանց մեջ ապակառուցողականություն մտցնելու հնարավորությունից։

Ինտրիգը նրանում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը երևակում է երևանյան «հեղափոխականների» արտաքին քաղաքական ձախողումները, ովքեր իրենց հաստատ լավ չեն զգում աշխարհաքաղաքական լաբիրինթոսում։ Այս համատեքստում Բաքվի ուժգնացած «խաղաղարար» հռետորաբանությունն Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ՝ ընդարձակ քաղաքական ենթատեքստ ունի։ Ալիևն ակնհայտորեն հաղթում է Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որին չի բավականացնում իր նախկինների փորձը։ Ցանկացած պոտենցիալ հակառակորդին քծնելու ալիևյան «արվեստն» էլ է Փաշինյանի դժվարությունը հանդիսանում, նաև՝ այն, որ նա փորձում է հավասարի պես խոսել Ռուսաստանի հետ։

 

Սերգեյ Շաքարյանց