Էթնայի ժայթքման հետևանքով խճուղու վրա ճաքեր են առաջացել, երթևեկությունը կանգ է առել (տեսանյութեր)

Սիցիլիայում Էթնա հրաբուխը հանգեցրել է 4,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի։ Գրանցվել են տարբեր ուժգնության մոտ 1000 ստորգետնյա ցնցումներ։ Մոտակա գյուղերի բնակիչները լքում են իրենց տները։ Սանտա-Վեներինա քաղաքում վնասվել են եկեղեցին ու տները։ Խճուղու վրա ճաքեր են առաջացել, երթևեկությունը կանգ է առել։

Իտալական ANSA լրատվական գործակալության տվյալներով, բնակելի տան փլատակների տակից հանել են 80-ամյա տղամարդու։ Ոչ ոք չի զոհվել, մոտ 10 մարդ վիրավորվել է։

Էթնան արթնացել էր դեկտեմբերի 24-ին և դեռ շարունակում է հրաբխային փոշու ամպեր արտանետել։

Հրաբուխն իր մասին հիշեցնում է գրեթե ամեն տարի։ Բայց սա Եվրոպայի ամենաակտիվ հրաբխի առաջին կողային ժայթքումն էր վերջին 10 տարիների ընթացքում։ Նման ժայթքման ժամանակ լավայի արտանետումը տեղի է ունենում ոչ թե կենտրոնական խառնարանից, այլ լանջի ճեղքից։