Համավարակն ու պատերազմը չեն ընկճել հայ ոճաբանին. նա Երևանում ընդլայնել է իր բիզնեսը
Երիտասարդ ոճաբան Իրինա Երիցյանը կրթություն է ստացել Իտալիայում: Սովորել է Վիեննայում և Միլանի Istituto Marangoni-ում՝ (FASHION AND LUXURY Brand Management) ստանալով նորաձևության և բրենդի կառավարման մասնագիտություն, ապա ուսումը շարունակել է EXTRA DESIGN բաժնում: Մարքեթինգի կառավարման մագիստրոսի կոչում է ստացել IBS Budapest-ում:
Իտալիայում ունենալով գործունեություն ծավալելու գայթակղիչ հնարավորություններ, Իրինան վճռականորեն որոշել է գալ հայրենիք և իր գիտելիքներն ու աշխատանքային փորձը կիրառել նաև Հայաստանում:
Նա եկել է մեր երկրի համար ամենադժվար օրերին, երբ տարածվում էր կորոնավիրուսը և տնտեսությունը անկում էր ապրում: Հենց այդ բարդ ու ծանր օրերին Իրինան մտածում էր՝ ինչպես սեփական բիզնեսը զարգացնել Հայաստանում և այստեղ ծավալել գործունեություն: Կորոնավիրուսի համավարակին հաջորդեց Արցախյան պատերազմը:
Պատերազմից ամիսներ անց նա որոշեց Երևանում ընդլայնել 2015 թ. Իտալիայի Միլան քաղաքում իր հիմնադրած Yerishi-ի բրենդը և այստեղ բացեց իր ոճային պայուսակների ու հագուստի խանութ-սրահը:
«Այս պատերազմը ցնցեց յուրաքանչյուր հայի, շատերը կորցրեցին իրենց հայրերին, որդիներին, եղբայրներին, պատերազմում զոհվեց նաև իմ զարմիկը: Կորստի ցավը ծանր է, սակայն պետք է ուժ գտնել ոտքի կանգնելու և ապրելու համար: Մեր հայրենիքին ամեն մեկս մեր գործով պիտի օգնենք: Համավարակից և պատերազմից հետո շատ դժվար է նոր բան ստեղծել այստեղ, բայց մենք պարտավոր ենք դա անել»,- ասում է Իրինան:
Իրինան բիզնեսը հայրենիքում ընդլայնելով՝ նպատակ է ունեցել իր ներդրումով օրինակ հանդիսանալ շատերին՝ այս դժվարին ժամանակներում զարգացնելու համապատասխան ոլորտը:
Երիտասարդ մասնագետը վստահ է, որ Երևանում բացված նոր հասցեն` Yerishi styling room-ը, իր հետ նոր գույն և տրամադրություն կբերի: Իրինայի նպատակը հայ կնոջը պարզապես ոճային հագուստ հագցնելը չէ: Yerishi-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ ոճաբանն օգնում է Ձեզ ստեղծել ձեր սեփական ոճը կամ ավելի արտահայտիչ դարձնել այն:
Yerishi-ին luxury ձեռագործ պայուսակների ապրանքանիշ է: Պայուսակների ու հագուստի դիզայներական լուծումները ամբողջությամբ Իրինայի մտքի թռիչքներն են: Նրա ստեղծած յուրահատուկ, գունեղ ու չկրկնվող ապրանքանիշի գլխավոր առաձնահատկությունը բարձր որակն է` բնական կաշի և որակյալ կտորներ:
«Դիմում եմ իմ կոլեգաներին, ընկերներին և արտերկրում բնակվող հայրենակիցներին, համախմբվեք հանուն մեկ նպատակի, հանուն մեր երկրի բարգավաճման. խթանեք փոքր ու միջին բիզնեսների զարգացումը Հայաստանում, ներդրումներ կատարեք գալիք սերնդի լավ ապագայի համար»,- հորդորում է երիտասարդ ոճաբանը։

