Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 մարդ

Հայաստանում կորոնավիրուսով վարակված  ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում մոտ 1100 բուժառու:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 քաղաքացի, գումարային առումով փաստացի մոտ 1100 ծայրահեղ ծանր և ծանր հիվանդներ կան: Այս պահին 73-ը միացված են արհեստական շնչառության սարքերի»,-ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե 14-օրյա բուժումից հետ ինչո՞ւ քաղաքացիներին դուրսգրումից առաջ չեն թեստավորում՝ նախարարն ասաց, որ նախ ոչ բոլոր դեպքերում է բուժումը տևում 14 օր: Լինում է ավելի կարճատև՝ 5-6 օր կամ ավելի երկարատև՝ ամիսներ տևող բուժում:  Բայց եթե հիվանդը դուրս է գրվում, օրինակ, 14 օրը լրանալուց ավելի վաղ, այնուամենայնիվ, նրան ցուցվում է մինչև 14 օրվա ավարտը մնալ տանը:

Վերջնական բուժման փաստն արձանագրելու թեստավորման նպատակահարմարությունը բացատրվել և հանվել է: Բուժված լինելու փաստը արձանագրվում է ոչ թե թեստավորմամբ, այլ կլինիկական լավացմամբ: